«Սա շատ մեծ մարտահրավեր է Հայաստանի համար. ԵՄ-ն պատրաստ է քննարկել». Պյոտր Սվիտալսկի

«ԵՄ-ն ավելի քան 50 մլն եվրո ներդրումներ է իրականացրել ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխման համար։ Անշուշտ, այս ներդրումների մեծ մասն արդարադատության համակարգի նյութական մասին է առնչվել, ԵՄ-ն նպաստել է ստեղծելու կամ վերանորոգելու բազմաթիվ դատարաններ, Արմավիրի ՔԿՀ-ում շոշափելի արդյուքներ ենք ունեցել»,- այսօր «ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» նոր էջ է բացվել. «Ինչ տեղի ունեցավ ապրիլին, մենք համարում ենք մի նոր հնարավորության պատուհան հայկական կառույցների, ինստիտուտների համար՝ որակական քայլ առաջ անել՝ ստեղծելու ազատ, արդար և արդյունավետ արդարադատության համակարգ։ Սակայն, հասկանում ենք, որ Հայաստանում դեռ առաջին քայլերն են անում, և ԵՄ-ն պատրաստ է շարունակաբար աջակցել և օժանդակել՝ նպաստելու այս նախագծի մշակմանը։ Կառավարության  համար դատական համակարգի արդարությունը գերակա ճյուղ է։ ԵՄ-ն նախկինում մեծապես սատարել է փորձի փոխանակումով, լավագույն փորձը կիսելով»։

Դեսպանն ընդգծեց՝ անշուշտ, ՀՀ կառավարությունը ևս նկատել է, որ այս ամենի սկիզբը պետք է լինի դատական համակարգի անկախությունը. «Վարչապետն անձամբ է ասել, որ երդվում է՝ երբևէ որևէ դատավորի զանգ չկատարել՝ դա լինի ուղղակի թե անուղղակիորեն։ Անշուշտ, գիտենք, որ քաղաքական դաշտում սա հաճախ կարող է տեղի ունենալ, բայց անկախությունը նաև ունի զանազան օղակներ. ոչ միայն գործադիր մարմնից ճնշման բացակայությունն է այստեղ կարևոր, այլ նաև այլ բաղադրիչներ կան՝ դատական համակարգի դիրքը։ Կարևոր է, թե ինչպես են ընտրվում դատավորները, ինչպես են նշանակվում, դատական խորհրդի գործառույթն է այստեղ կարևոր, ինչպես և մի շարք այլ գործառույթներ»։

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ եվրոպական փորձագիտական խմբի նկատած կարևոր կետերից մեկը դատական համակարգի ներքին անկախությունն է, դատավորների զգացողությունը, որ նրանք կարող են դատել լիովին անկախ՝ հիմնվելով իրենց խղճի և գիտելիքների վրա. «Դատավորների ներքին անկախությունը շատ կարևոր է։ Ուստի դատական համակարգի անկախությունն այս բարեփոխումների անկյունաքարն է»։

Դեսպանն ընդգծեց՝ պետք է շարունակել նաև հակակոռուպցիոն պայքարը. «Այստեղ կառավարության և դատական համակարգի առաջնահերթությունները համընկնում են։ Դատական համակարգը լիովին պետք է ազատ լինի կոռուպցիայի ցանկացած տեսակից, և հավուր պատշաճի կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ վստահ լինելով, որ կանխարգելվում և բացառվում է կոռուպցիայի ցանկացած ռիսկ ապագայում։ Մարդու էությունը հաճախ տկար է, ուստի բավարար չէ միայն անցյալին հայացք նետել և քննարկել կոռուպցիոն դեպքեր, որոնք տեղի են ունեցել անցյալում, այլ նաև հարկավոր է կանխարգելիչ գործողություններ իրականացնել՝ վստահ լինելու, որ ապագայում կոռուպցիան գլուխ չի բարձրացնի»։

Դատական համակարգի արդյունավետությունը, ըստ նրա՝ ևս կարևոր է. «Սա շատ մեծ մարտահրավեր է Հայաստանի համար։ Չես կարող արդյունավետ դատական համակարգ ունենալ, եթե ունես դատավորների թվի պակաս, և նրանք գերծանրաբեռնված պայմաններում են աշխատում, դա անհնար է։ Մենք պատրաստ ենք քննարկել այս ոլորտը ևս»։

Տեսանյութեր

Լրահոս