Արցախի բոլոր մարտական հենակետերն ու դիրքերն ապահովվել են մշտական ջրով
Սեպտեմբերի 26-ին ՊԲ արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի պահպանության տեղամասերից մեկում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված պաշտպանական շրջանի բոլոր մարտական դիրքերն ու հենակետերը մշտական ջրով ապահովելու աշխատանքների ավարտին, որը իրականություն էր դարձել ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի, Արցախի Հանրապետության կառավարության ու ՊԲ հրամանատարության գործուն համագործակցության արդյունքում:
Առաջնագծում մշտական ջրի առկայությունը էական ազդեցություն կունենա մարտական հերթապահության կազմակերպման որակի բարձրացման վրա, կնպաստի անձնակազմի կենցաղային կարիքները հոգալուն, ինչպես նաև հնարավորություն կտա պլանավորել ու իրականացնել ավելի մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ:
Հավելենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, ֆրնասահայ բարերար Ժակ Մաթոսյանը պարգևատրվել է ‹‹Վաչագան Բարեպաշտ›› մեդալով: Բարձր պարգևը անմիջապես առաջնագծում հասցեատիրոջն է հանձնել բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն