«Այն ժամանակ «Ելք»-ի բոլոր անդամները լեգիտիմացրել են այս խորհրդարանը. հայտարարում էին, որ իրենց ձայներին տեր են կանգնել». քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ; Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։

Փաստորեն, եթե նախագահը մի կուսակցությունից է, հետո, ասենք, երկու տարի հետո խորհրդարանում հակառակ կուսակցությունն է մեծամասնությունը կազմում, ապա նախագահը պետք է հրաժարական տա՞, որովհետև իրավաճակ է փոխվել։

Մասնավորապես, շուտով ԱՄՆ-ում Կոնգրեսի մասնակի ընտրություններ են լինելու, որի արդյունքում դեմոկրատները, ըստ բոլոր կանխատեսումների, մեծմասնություն են կազմելու։

Արդյոք՞ դրանից բխում է, որ իրավիճակի փոփոխության հետևանքով Թրամփը պետք է հրաժարական տա և նոր նախագահական ընտրություններ հայտարարվեն։

Ժողովրդավարական երկրներում պարբերաբար իրավիճակներ են փոխվում և դա լավ է, սակայն կարևոր է, որ վիճակի փոփոխությունը կայունանա և մարդիկ վստահ լինեն, որ ոչ թե հանգամանքների ազդեցության տակ են կատարում իրենց ընտրությունը, այլ դա խորը մտածված քայլ է։

Հ․Գ․ Այս և նախորդ խորհրդարանները, իմ համոզմամբ, լեգիտիմ չեն եղել և ընտրությունների արդյունքներին չեմ հավատացել ու հիմա նույնպես չեմ հավատում։ Այսինքն՝ ներկայիս ԱԺ-ն ձևավորվել է ձայների մանիպուլյացիաների արդյունքում, իրենց դերն են կատարել նաև ընտրակաշառքները։

Սակայն այն ժամանակ ԵԼՔ-ի բոլոր անդամները հայտարարում էին, որ իրենց օգտին տրված բոլոր ձայներին իրենք տեր են կանգնել։

Այսինքն՝ ստացել են ընդամենը 121.997 ձայն: Այսինքն՝ լեգիտիմացրել են այս խորհրդարանը։ Դրա համար բազմաթիվ մարդկանց կողմից քննադատության են ենթարկվել՝ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալու համար։

ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքական դաշտը քայքայված է, կոլապսի է ենթարկվել և նման պայմաններում ընտրություն գնալով մենք հերթական արհեստական խորհրդարան ենք ունենալու։ Վստահ եմ, որ մեզ կայուն քաղաքական ինստիտուտներ են պետք։

Գարնանը քաղաքական պատկերը ավելի հստակ կլինի։ Խորհրդարանը մենք ընտրում ենք 5 տարով ու բացառված չէ, որ մեկ կամ երկու տարի հետո դարձյալ իրավիճակը փոխվի, ապա այդ ժամանակ ի՞նչ ենք անելու, էլի՞ հեղափոխություն։ Ժամանակ պետք է տրվի նոր քաղաքական ինստիտուտների ստեղծման ու կայացման համար, ինչպես նաև հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել գործող կառավարության ունակությունների ու արդյուների մասին և կարողանա գիտակցված ընտրություն կատարել՝ գարնանը»։

https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10216512174254184

Տեսանյութեր

Լրահոս