«Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հավաքած 81 %-ը խորհրդարանական ընտրություններում կավելանա ևս մի քանի տոկոսով». քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ հավանականությունը մեծ է, որ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հավաքած 81 %-ը խորհրդարանական ընտրություններում կավելանա ևս մի քանի տոկոսով։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա իր ասածը բացատրեց նրանով, որ խորհրդարանական ընտրություններն ավելի մեծ ուշադրության են արժանանում հանրության կողմից, իսկ որ ամենակարևորն է՝ ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, ինչը, ըստ նրա նշանակում է, որ ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի ընտրություններն են լինելու. «Քանի որ չկան նախագահական ընտրություններ, կառավարման համակարգը փոխվել է, և խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, նախագահական ընտրությունների կշիռն են ձեռք բերում, և այս դեպքում շատ ավելի շուրջ հաջողության կարող է հասնել Նիկոլ Փաշինյանի ուժը։ Այս ամենը բոլոր ուժերը գիտակցում են, և ակնհայտ է, որ շատ-շատերին սա ձեռնտու տարբերակ չէ, հատկապես այն ուժերին, որոնք այսօր խորհրդարանում են, իսկ վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ անցնելու շանսեր ունեն ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը»։

Քաղաքական իրավիճակի փոփոխությունը, որը կարող է տեսականորեն վերաբերել նաև այն քաղաքական ուժերին, որոնք այսօր խորհրդարանում են, ըստ քաղաքագետի՝ կարող է ազդել նրանց վարկանիշի վրա. «ԲՀԿ-ի 7 տոկոսն այն պայմաններում է եղել, երբ նա ըստ էության չի հակադրվել հեղափոխական օրակարգին, և ուղղակի փորձել է ասել, որ մենք հեղափոխության կողմնակից ենք, բայց իշխանություններն այդ հեղափոխությունից նահանջ են իրականացնում, մենք ենք իսկական հեղափոխականը։ Նույնիսկ ԲՀԿ-ն հասկացել է, որ հեղափոխությանը հակադրվելով՝ չի կարող որևէ շանս ունենալ՝ ստանալ ինչ-որ տոկոս»։

Վարդանյանը նկատեց՝ դիմադրությունների և սակարկությունների գնալու առումով լուրջ պայքար է լինելու։  «ՀՀԿ-ն, եթե նույնիսկ մասնակցի այդ ընտրություններին, անհայտ է, որ ջախջախիչ պարտության է մատնվելու։ Միայն այս արդյունքներն արդեն իսկ բավարար են, որ վստահորեն խոսենք այդ մասին։ ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, այսօր դե ֆակտո գոյություն չունի, և կա ֆրակցիա, կան մարդիկ, ովքեր ունեն մանդատներ, իրենք դա կորցնելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում, և հասկանալի է, որ իրենք օգտագործելու են յուրաքանչյուր առիթ, որպեսզի մնան իրենց այս դիրքերում»։

Տեսանյութեր

Լրահոս