«Ժողովո՛ւրդ, ո՞վ ա ընդդիմություն». Գևորգ Կոստանյանը՝ «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցություններին

«Ո՞ր ուժն է այսօր ընդդիմություն Ազգային ժողովում»,- այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի սկզբում հարցադրում արեց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գևորգ Կոստանյանը՝ մեջբերելով ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթը, ըստ որի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմությունից:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հակադարձեց, թե այս հանձնաժողովը չէ այս պահին որոշելու, թե որ ուժն է ընդդիմություն:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ եթե ՀՀԿ-ն է նախագահ, տեղակալը պետք է լինի կա՛մ «Ծառուկյան», կա՛մ ՀՅԴ, կա՛մ Ելք խմբակցություններից որևէ մեկը:

Նա առաջարկեց, որպեսզի թույլ տան, որ իրենց խմբակցությունից լինի տեղակալը: «Կանոնակարգ-օրենքն այլ բան է ասում: Ո՞րն է ընդդիմադիր խմբակցությունը, որը նախագահի տեղակալի թեկնածու կարողանա առաջադրել: Սա քաղաքական հարցադրում չի, ֆորմալ իրավական հարցադրում է»,- ասաց Գ.Կոստանյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ դասական իմաստով ընդդիմություն գոյություն չունի, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը կառավարության կազմում է.

«Որպեսզի ժամանակ չծախսենք այդ հարցը պարզելու համար, կարծում եմ, ճիշտ կլինի ՀՀԿ-ն չլինի»:

Նա առաջարկեց նախագահի տեղակալ լինի կա՛մ Դաշնակցության կա՛մ «Ելք» խմբակցության ներկայացուցիչներից մեկը:

«Հիմա «Ծառուկյանը» ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանություն»,- կրկին հարցադրում արեց Գ.Կոստանյանը:

Գ.Պետրոսյանը պարզաբանեց, որ ԱԺ-ում ընդդիմություն է, կառավարությունում՝ իշխանության մաս: Կոստանյանը կրկին մեջբերեց օրենքը, որն ասում է, որ կառավարության մաս կազմող խմբակցություններն ընդդիմություն չեն.

«Վերջը դուք ունե՞ք կողմնորոշում, թե ո՞ր կուսակցությունն է Աժ-ում ընդդիմադիր»:

Հ.Աղազարյանը հայտարարեց, որ հանձնաժողովը պետք է ԱԺ առջև հանդես գա ինքնալուծարման առաջարկով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: «Դրա իրավունքը քննիչ հանձնաժողովը չունի,- հակադարձեց Գ.Կոստանյանը և կրկնեց հարցադրումը,- Ժողովո՛ւրդ, ո՞վ ա ընդդիմություն»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ընդիմություն է ՀՀԿ-ն, բայց նոնսենս է, որ նույն ուժը զբաղեցնի նախագահի ու տեղակալի պաշտոնները:

ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը պաշտպանեց Հ.Աղազարյանի դիրքորոշումը, որ բարդ իրավիճակ է. «Ճիշտ կլինի, որ ընդդիմադիր համարենք այն ուժերին, որոնք ԱԺ կազմավորման ժամանակ իրենց հայտարարել են ընդդիմություն»:

Գ.Կոստանյանը նշեց, որ ինքն առաջարկել է պաշտոնը Գևորգ Պետրոսյանին, բայց վերջինս ծանրաբեռնվածության պատճառով հրաժարվել է:

Նա առաջարկեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա իրավաբան է: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին: Գ.Կոստանյանը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում չէ, կվերադառնա՝ կմասնակցի:

«Գոնե իրավաանորեն մենք որոշեցինք, թե ով է ընդդիմությունը պառլամենտում,- եզրափակեց Գ.Կոստանյանը և հավելեց,- Քանի որ ընդդիմությունը մենք ենք, և ընդդիմությունն իրավունք ունի առաջադրելու, մենք էլ առաջադրեցինք»:

Տեսանյութեր

Լրահոս