ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում
ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմամբ՝ Եվրամիության ներկայացուցիչներն ակնկալում են, որ Հայաստանում կավելանան ներդրումները, կհիմնվեն արտադրություններ: Այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը Հայաստանում ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը, մեր տվյալներով, 1 մլրդ եվրոյի նիշն անցնել է: Դա, իհարկե, շատ տպավորիչ և ուրախալի է: Ըստ վիճակագրության՝ դեպի ԵՄ արտահանումը, նաև ներկրվող ապրանքների ծավալները անցյալ տարվա դրությամբ աճել են: Բացի արտահանումներից՝ ակնկալում ենք, որ ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմամբ ԵՄ-ից ներդրումներ կլինեն Հայաստանում և արտադրություններ կհիմնվեն»,-նշեց Սուրմելիսը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում որևէ ներդրման համար անհրաժեշտ է որոշակիություն, կայունություն: Եվ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստի գլխավոր նպատակներից մեկը հենց կարգավորման դաշտը լրամշակելը և զարգացնելն է:
Սուրմելիսը նշեց՝ ԵՄ-ից դեպի հայկական շուկա կա, մասնավորապես, սարքավորումների և մեքենայացված սարքավորումների արտահանում: Նա նկատեց՝ որոշ ապրանքատեսակների արտահանման, ներկրման մասով որոշակի բացը գնալով փոքրանում, լրացվում է: Այդ բացը, մասնավորապես, առաջացել է դեպի ԵՄ գյուղատնտեսական արտադրանքի ոչ բավարար ծավալների արտահանման պատճառով: Նա հույս հայտնեց, որ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների արտահանումը նույնպես կաճի: