Այսօր նշվում է Ստեփանակերտի անվանակոչման 95-ամյակը

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակից առավոտից մեկնարկել են մայրաքաղաքի անվանակոչման 95-ամյակին նվիրված միջոցառումները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ստեփանակերտցիներ և հյուրեր նախ ծաղիկներ են դրել Ստեփան Շահումյանի հուշարձանի պատվանդանին: Այնուհետև ներկաները շրջայց են կատարել պուրակում և Վերածննդի հրապարակում, դիտել կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառը և մարզամշակութային միջոցառումները:

Միջոցառման մասնակիցները ներկա էին նաև «Իմ սիրելի Ստեփանակերտ» խորագրով լուսանկարչական մրցույթի արդյունքների ամփոփմանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, շնորհավորելով մայրաքաղաքի անվանակոչման 95-ամյակի կապակցությամբ, մեզ հետ զրույցում ասել է, որ Ստեփանակերտը շատ հին պատմություն ունի, բայց անվանակոչությունն արվել է 1923 թվականից և մինչ այսօր այս գողտրիկ քաղաքը հպարտորեն կրում է Ստեփանակերտ անունը:

«Այդ տարիների ընթացքում Ստեփանակերտը նոր շունչ ու ոգի է առել: Այն դարձել է ժամանակակից մայրաքաղաք՝ իր պուրակներով, գեղեցիկ բնակելի շենքերով, նորակառույց թաղամասերով, մշակութային կենտրոններով, կրթական համալիրներով, ասֆալտապատ փողոցներով: Բայց Ստեփանակերտն ավելի գեղեցիկ է իր ստեղծարար, աշխատասեր ու պատվախնդիր ստեփանակերտցիներով: Մենք պետք է շարունակենք էլ ավելի հոգատար լինել մայրաքաղաքի հանդեպ. չէ՞ որ Արցախ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր առաջին տպավորությունն ստանում է հենց Ստեփանակերտից: Քաղաքապետարանն ԱՀ իշխանությունների աջակցությամբ անում է ամեն ինչ, որ Ստեփանակերտը՝ որպես հանրապետության մայրաքաղաք, շարունակի ապահովվել իր առաջընթացն ու զարգացումը»,-մասնավորապես ասել է Ս. Գրիգորյանը:

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը ևս շնորհավորելով մայրաքաղաքի տոնի առթիվ, տեղեկացրել է, որ Ստեփանակերտի մշակութային կենտրոնների սաների մասնակցությամբ այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվելու են մշակութային միջոցառումներ:

«Ստեփանակերտի 6-րդ դպրոցում տեղի է ունենալու նաև սանդա ուշուի բաց առաջնություն: Իրականացվելու է այցելություններ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, ինչպես նաև Ստեփանակերտի ամենատարեց քաղաքացիներին:Լինելու ենք հարսանյաց հանդիսությունների սրահներում՝ շնորհավորելու համար նորապսակներին: Երեկոյան՝ ժամը՝ 18:00-ին, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում միջոցառումներն ամփոփվելու են տոնական համերգով»,-ավելացրել է Ա. Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս