Fitch-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առևտրական պատերազմի պատճառով
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2019 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումը նվազեցրել է 0,1 տոկոսային կետով (տ.կ.)՝ մինչեւ 3,1 տոկոս: Կանխատեսման փոփոխությունը պայմանավորված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական պատերազմի բորբոքմամբ: Այդ մասին ասված է Fitch-ի տեղեկագրում:
«Մեր կանխատեսումն այժմ հաշվի է առնում վերջերս ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական սահմանափակումների զգալի էսկալացումը, ինչի կապակցությամբ 2019 թվականին Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը հուլիսյան կանխատեսման համեմատությամբ իջեցվել է 0,2 տ. կ.-ով՝ մինչեւ 6,1 տոկոս, իսկ գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը 0,1 տ. կ.-ով՝ մինչեւ 3,1 տոկոս»,- գրում է Fitch-ը:
Չնայած առեւտրական պատերազմների ազդեցությանը, 2018 թվականի արդյունքներով գործակալությունը սպասում է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի արագացում մինչեւ 3,3 տոկոս՝ 2017 թվականի 3,2 տոկոսի համեմատությամբ: Ընդ որում՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ընթացիկ տարվա համար բարձրացվել է 0,1 տ.կ.-ով՝ մինչեւ 2,9 տոկոս, իսկ Եվրամիության տնտեսության աճի կանխատեսումն իջեցվել է 0,3 տ.կ.-ով՝ մինչեւ 2 տոկոս, հավելել են Fitch-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: