«Որևէ պարագայում հնարավոր չի, որ ես դեմ քվեարկեմ Ազգային ժողովը լուծարելուն»

Հարցազրույց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի կազմում գտնվող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, 2 օր է մնացել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին, ընթացքն ինչպիսի՞ն է, և «Լույս» դաշինքն ունի՞ նոր բեկումնային խաղաքարտեր, որ կազդեն իրադրության վրա և ավելի շատ ձայներ կապահովեն դաշինքի համար։

– Ես այն տեսակետին եմ, որ թիմը լավ աշխատեց, լավ թիմ է, իսկապես հաղթող թիմ է, աշխատում են ոչ նորմավորված ռեժիմով, գիտեն և՛ լավ աշխատել, և՛ լավ ուրախանալ՝ փաբում գարեջրախմությունը, երգերը, Արտակի հետ բակերում նորանոր հումորային պահերը, այսինքն՝ շատ լավ թիմ է, և քարոզարշավից չեմ հոգնել։ Երկրորդ՝ Արտակ Զեյնալյանն իր կյանքով ու գործունեությամբ շփվել է բազմաթիվ շերտերի հետ՝ թե՛ մասնագիտական առումով, թե՛ կյանքի բերումով, և այս ամենը համադրելով, ես տեսնում եմ, որ եղած թիմերի և թեկնածուների մեջ Արտակ Զեյնալյանը կարող է համարվել այն ֆավորիտներից, որ հաղթելու հնարավորություն ունի։

– Առաջիկա 2 օրերին ի՞նչ եք ծրագրել։

– Դրանք ՀՀ անկախության հետ են հիմնականում կապված, և գործընթացները, որոնք տեղի կունենան, դրա հետ են կապվելու։ Ամսի 21-ին գործընթաց ունենք, որի մասին կհայտարարենք 20-ի երեկոյան։ Քաղաքացիներին անակնկալ է սպասվում, և դա այնպիսին է, որ բացի Արտակ Զեյնալյանից, մնացած որևէ թեկնածու նման անակնկալ անելու հնարավորություն չունի։

– Ձեր հայտարարությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ոչ միանշանակ է մեկնաբանվել, որ կողմ չեք քվեարկի, երբ պահը գա։ Կհստակեցնե՞ք Ձեր դիրքորոշումը, այդ հարցում կաջակցե՞ք Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ։

– Ես միանշանակ ասել էի ու միշտ ասել եմ, որ այս երկրում եղած իրավիճակը լուծելու միակ հնարավորությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Ինչո՞ւ։ Որովհետև հանրային տրամադրությունները և քաղաքական ուժերն այս առումով համազոր չեն պատկերացումներին ու մոտեցումներին։ Եվ այս ոչ համազոր լինելն անընդհատ բերում է հակահեղափոխության գաղափարին։ Հակահեղափոխության վտանգը ես տեսել եմ Կուբայում, որտեղ մինչև հիմա հակահեղափոխության դեմ են պայքարում։ Ես չեմ ուզում, որ Հայաստանում այդպես լինի։ Այսինքն՝ ես միանշանակ կողմնակից եմ խորհրդարանը ցրելուն և ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելուն։ Իմ ասածը՝ դրա կարիքը չէր լինի, ի նկատի ունեմ, որ խնդիրը լուծելու բարդության կարիքը չէր լինի, այն ինքն իրեն լուծված էր։ Ի՞նչ առումով. ԱԺ երեք խմբակցութ1ուններ՝ «Ծառուկյան», «Ելք» և ՀՅԴ, կողմ արտահայտվեցին ԱԺ-ն ցրելուն և արտահերթ ընտրություններին։ Հանրապետական խմբակցությունը քվեարկեց վարչապետի բերած ծրագրին, որտեղ գրված էր՝ 1 տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բիզնեսը տարանջատվեց իշխանությունից, գործարարները դուրս եկան ու չեն խառնվում քաղաքականությանը։ ՀՀԿ-ի բազմաթիվ անդամներ լոյալ վերաբերմունք ունեն կամ ինչ-որ տեղ նաև համակրանք սկսեցին ցուցաբերել տեղի ունեցող գործընթացներին։ Այս ընթացքում ուղղակի կոմպրոմիսային ճանապարհով, բանակցելով, լեզու գտնելով և այն դրվածքը, որ դրվել էր՝ օրենքի տառին համապատասխան ներխուժելով, կարելի էր հանգիստ լուծել այդ խնդիրը՝ առանց իրավիճակը սրելու։ Ես ասում եմ, որ կա տարբերակ, որով կարելի է առանց ժողովուրդ ու ԱԺ հակադրության՝ խնդիրը լուծել, չհասցնել նրան, որ ժողովուրդ հավաքես, որ պարտադրես խնդիրը լուծելու, որովհետև պարտադրանքի պարագայում մարդիկ կարող են այլ վերաբերմունք դրսևորել։ Այսինքն՝ ես գտնում եմ, որ բաժանարար գծերը մի կողմ դնելով, սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը վերականգնելով, այս մթնոլորտում կոնսենսուսի գալով ու բանակցություններ սկսելու դեպքում էլի հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրի լուծումը բարդություններ չպահանջի, համարվի լուծված։ Որովհետև ես չեմ տեսնում մարդ, որը այսօր կարող է գալ մտնել ԱԺ ու ասել՝ ես եմ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն։ Չկա նման մարդ, և չկա որևէ ուժ, որ կհակադրվի դրան։ Այս հանգամանքները հաշվի առնելով, կարծում եմ, պետք է գործել այս տեսանկյունից, ոչ թե ուժային դիրքերից։ Կընդունի՞ սա իշխանությունը, շատ լավ, չի՞ ընդունի, կգնա իր ուզած տարբերակով, իր ընտրությունն է։

– Եթե իշխանությունը շարունակի ներկայիս քաղաքականությունն ու հռետորաբանությունը, ի՞նչ եք պատրաստվում անել, հնարավո՞ր է, որ դեմ հանդես գաք։

– Որևէ պարագայում հնարավոր չի, որ ես դեմ քվեարկեմ ԱԺ լուծարելուն։ Այս երկրի գերխնդիրը Ղարաբաղի հիմնահարցից հետո այդտեղ է։

– Ավագանու ընտրություններից հետո կրքերը կհանդարտվե՞ն։

– Ես գտնում եմ, որ ավագանու ընտրությունները պետք էր դիտարկել առանձին, խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունները՝ առանձին, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը՝ առանձին, չկապվեր այդ հակահեղափոխության հետ։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը ո՛չ տալիք, ո՛չ էլ առնելիք ունի։

– Բայց քաղաքական հայտ է ներկայացրել։

– Ինքը լուծում է 2 խնդիր՝ իր գրպանի և իր գլուխն ազատելու։ Ինքը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է քաղաքական ծրագրեր, մոտեցումներ չունենալու մեջ, բայց կարդացի իր հարցազրույցը «Կոմերսանտին», ավելի շատ «եթե» ու «չգիտեմ» կար։ Դրա համար եմ ասում ՝ ինքը ո՛չ տալիք, ո՛չ առնելիք ունի։ Ինքը փորձում է լուծել այն խնդիրը, որ չդատվի ու սեփականությունը չխլեն։ Ես հորդորում եմ մեր իշխանություններին՝ պետք չի Ռոբերտ Քոչարյանին գործոն դարձնել։ Չկա այդպիսի քաղաքական գործոն։ Դա իր տարիների երազանքն է, որ ինքը դառնա քաղաքական գործոն։

– Այսինքն՝ Փաշինյա՞նն է նրան քաղաքական գործոն դարձնում։

– Ես չեմ ասում, որ Փաշինյանն է քաղաքական գործոն դարձնում, բայց երբ ամբողջ քաղաքական գործընթացը տարվում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը հակահեղափոխությունն է, ինքն է համախմբում, ու ինքն էլ է դրա մասին խոսում, թե մարդիկ ոգևորվել են, դա ցույց է տալիս, որ ինքն իրականությունից կտրվել է, մնացել է այն նույն մեծամիտը, տարիքն իրեն չի փոխել, որ լինելով Ղարաբաղի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ, միևնույն է, կայացման խնդիր ունի, ինքը դա է ապացուցում։ Փաշինյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանին, այդ գործոնն ուժեղացնում է։ Չպետք է պատասխանի նրան, նա գործոն չէ, անիմաստ է։

Տեսանյութեր

Լրահոս