Բաժիններ՝

Մուն Չժե Ինը միջկորեական գագաթնաժողովի արդյունքների մասին Թրամփին կպատմի սեպտեմբերի 24-ին

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պլանավորում է Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել սեպտեմբերի 24-ին: Այդ մասին Սեուլում լրագրողներին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

«Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին»,- ասել է նա: Մուն Չժե Ինը, մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հանդիպում կունենա Թրամփի հետ, որպեսզի պարզաբանի Փհենյանում ներկայիս միջկորեական գագաթնաժողովի արդյունքները:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 19-ին համատեղ հայտարարություն են ընդունել միջկորեական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված է, որ Փհենյանը որոշել է ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը: Փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ Է ապահովել օտարերկրյա դիտորդների մուտքը զինափորձարան:

ԿԺԴՀ-ն պլանավորում է ապամոնտաժել Յոնբենի միջուկային ռեակտորը՝ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ասված է հայտարարության մեջ: Մուն Չժե Ինի խոսքով՝ կորեական երկու պետություններն առաջին անգամ պայմանավորվել են միջուկազերծման կոնկրետ քայլերի շուրջ, Հյուսիսային Կորեան նաեւ համաձայնել է վերացնել «հակամարտությունների բոլոր աղբյուրները» Կորեական թերակղզում: Կողմերը հավաստել են Կորեական թերակղզին «միջուկային զենքից ազատ խաղաղության գոտու» վերածելուն ուղղված ակտիվ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Կողմերը պայմանավորվածությունների են հասել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, մինչեւ 2018 թվականի վերջը կողմերը պայմանավորվել են սկսել արեւմուտքում եւ արեւելքում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների միավորման աշխատանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս