ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների
ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն առաջարկեց անդամներին միջազգային կազմակերպություններից հրավիրել մասնագետների: Հանձնաժողովի առաջին նիստում քննարկվեցին աշխատակարգային հարցեր:
«Հանձնաժողովի համար բոլոր խմբակցությունները ներկայացրել են իրենց թեկնածուներին: Բավականին մտահոգիչ փաստերի առթիվ ենք ձևավորվել այս հանձնաժողովը: Դեպքի առթիվ կան հարուցված քրեական գործեր, և այդ հանգամանքները չեն կարող քննարկման առարկա դառնալ հանձնաժողովում: Հանձնաժողովի քննարկման առարկա են դառնալու նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի` դատախազության պարտականությունները»,- ասաց նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը:
Կոստանյանը առաջարկեց հանձնաժողովի բոլոր անդամներին մեկ շաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել: Բոլորը կարող են առաջարկել հանձնաժողովի աշխատակարգի մեխանիզմները: Կլինեն հանձնաժողովի նախագահի, տեղակալի ընտրության քննարկումներ: Կոստանյանն առաջարկեց նաև, որ բոլորն իրենց մանդատի շրջանակում առաջարկել համապատասխան մարմիններից պահանջվող փաստաթղթերի ցանկը: «Կարող եք առաջարկել, թե որ միջազգային կազմակերպություներից և ինչ մասնագետների կարող ենք հրավիրել: Իսկ պաշտոնատար անձինք և ՏԻՄ-երը պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստերին»,-նշեց Կոստանյանը:
Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշեց` կարող են միջազգային կառույցներին հրավիրել հեռահաղորդակցության մասնագետներ, որոնք կկարողանան համակարգային առումով բացատրել, թե ինչպիսի մենախիզմներ կան, որոնք բացառում են գաղտնալսումները: Հույս հայտնեց, որ գործընկերներն առաջարկություններով հանդես կգան:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Կոստանյանին առաջարկեց ներկայացնել նախագիծ, որի շուրջ կաշխատեն մյուս պատգամավորները: