Բաժիններ՝

Չինաստանը 14 մլրդ դոլար կներդնի թվային տնտեսության զարգացման գործում

Չինաստանն առաջիկա հինգ տարում պլանավորում է մոտավորապես 100 մլրդ յուան (շուրջ 14,6 մլրդ դոլար) ներդնել թվային տնտեսության զարգացման գործում: Համապատասխան համաձայնագիրը, ինչպես սեպտեմբերի 19-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը, Չինաստանի զարգացման բանկի եւ ՉԺՀ-ի զարգացման ու բարեփոխումների գործերի պետական կոմիտեի միջեւ ստորագրվել է Հանչժոու քաղաքում (Չժեցզյանի արեւելյան նահանգ) անցկացված «Թվային տնտեսությունը եւ թվային «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» միջազգային խորհրդաժողովում։

Ենթադրվում է, որ միջոցները կներդրվեն այն նախագծերում, որոնք կապված են տվյալների մեծ բազաների, իրերի Համացանցի (IoT), ամպային ծառայությունների, խելացի քաղաքների եւ «թվային Մետաքսի ճանապարհի» հետ: Ինչպես նշում է գործակալությունը, թվային տնտեսության զարգացումը կարեւորագույն խնդիրներից մեկն է դիտվում Չինաստանում ժամանակակից տիպի տնտեսության կառուցման եւ բարձրտեխնոլոգիական զարգացումն առաջ մղելու առումով:

Վերջին տարիների ընթացքում Չինաստանն այս ճանապարհին զգալի հաջողությունների է հասել: Չինաստանի կիբեռտարածության վարչակազմի տվյալների համաձայն, 2017 թվականին երկրում թվային տնտեսության ծավալը 2016 թվականի համեմատությամբ աճել է 20,3 տոկոսով՝ մինչեւ 27,2 տրլն յուան (3,9 տրլն դոլար), ինչը կազմում է ՉԺՀ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 32,9 տոկոսը: Թվային տնտեսությունը, առանձին գնահատումների համաձայն, երկու տասնամյակ հետո իր մասշտաբներով կարող է գերազանցել արդյունաբերական սեկտորը, իսկ նրան բաժին կընկնի գլոբալ ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս