Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները
Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտությունից ի վեր արված անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին:
Նախագահի ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ քաղաքականությունը Միացյալ Նահանգներին ծիծաղի առարկա է դարձրել ամբողջ աշխարհում: Վերջին նման օրինակը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունն է, որ Միացյալ Նահանգները չի համագործակցելու Միջազգային քրեական դատարանի հետ, թույլ չի տալու դատարանի դատավորներին այցելել ԱՄՆ, պատժամիջոցներ է կիրառելու ամերիկյան բանկերում նրանց հաշիվների վրա և դատի է տալու նրանց ԱՄՆ դատարաններում:
Ըստ Վիքիպեդիայի՝ «Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) միջկառավարական կազմակերպություն և միջազգային դատարան է, որի նստավայրը գտնվում է Հաագայում, Նիդեռլանդներ: ՄՔԴ-ն իրավասու է դատապարտելու անհատներին միջազգային հանցագործությունների՝ ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար: ՄՔԴ-ն կոչված է լրացնել գործող ազգային դատական համակարգերը և, հետևաբար իր իրավասությունը կարող է իրականացնել միայն որոշակի պայմանների պահպանման դեպքում, օրինակ, երբ ազգային դատարանները չեն ցանկանում կամ չեն կարողանում հետապնդել հանցագործներին կամ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ առանձին պետություններ դիմում են դատարանին: ՄՔԴ-ն գործում է 2002 թ. հուլիսի 1-ից՝ Հռոմի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրվանից: Այն բազմակողմ պայմանագիր է, որը ծառայում է որպես ՄՔԴ-ի հիմնարար և կառավարման փաստաթուղթ: Պետությունները, որոնք մասնակից են դառնում Հռոմի կանոնադրությանը, օրինակ, այն վավերացնելու միջոցով, դառնում են ՄՔԴ-ի անդամ պետություններ: Ներկայումս կան 123 պետություններ, որոնք մասնակից են Հռոմի կանոնադրությանը, և հետևաբար հանդիսանում են ՄՔԴ-ի անդամներ»:
Նախագահ Թրամփի ազգային հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2018 թ. սեպտեմբերի 10-ին խիստ քննադատական ելույթով մերժեց ՄՔԴ-ի իրավասությունը, հատկապես այն դեպքերում, որոնք մեղադրանքներ էին ներկայացնում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, մասնավորապես Իսրայելի դեմ:
Բոլթոնը և նրա շեֆը զայրացել էին ՄՔԴ-ի՝ Աֆղանստանում ԱՄՆ զինվորների կողմից կատարված հնարավոր հանցագործությունների և Պաղեստինի ազգային իշխանության կողմից Իսրայելի դեմ հարուցված մեղադրանքների հետաքննությամբ: Ամերիկյան ուժերի դեմ ցանկացած դատական գործողություն կանխարգելելու համար ԱՄՆ-ը պարտավորեցնող պայմանագրեր է կնքել 100 երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի անձնակազմից որևէ մեկին չպետք է հանձնեն ՄՔԴ-ին: Բացի այդ, Միացյալ Նահանգները փակել է Պաղեստինի ներկայացուցչությունը Վաշինգտոնում, վերջինիս կողմից ՄՔԴ-ում իսրայելական հնարավոր խախտումների դեմ մեղադրանքներ ներկայացնելու համար: Սա հետևեց Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը, այդպիսով վերացնելով Միացյալ Նահանգների բոլոր հնարավորությունները` հանդես գալու որպես չեզոք միջնորդ պաղեստինյան իշխանությունների և Իսրայելի միջև:
Բոլթոնը հինգ պատճառ է նշել՝ ՄՔԴ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցությունից հրաժարվելու համար.
Առաջին պատճառը՝ Բոլթոնի պնդումն է, որ ՄՔԴ-ն «սպառնում է ամերիկյան ինքնիշխանությանը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին: Հաագայի դատախազը, ըստ էության, հավանություն է տալիս անհիմն որոշման, հետաքննելու և մեղադրելու անձանց, անկախ նրանից, թե նրանց երկրները միացել են Հռոմի կանոնադրությանը, թե ոչ»: Բոլթոնի պնդումը ճիշտ չէ: Նախ, Միացյալ Նահանգների վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերը գերադասում են ազգային ինքնիշխանությունը, ինչպես օրինակ `Ցեղասպանության կոնվենցիան և շատ ուրիշներ: Երկրորդ, ՄՔԴ-ն իրավասություն ունի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ միայն այն դեպքերում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տալիս դատարանին դա անել: Թեև Միացյալ Նահանգները ՄՔԴ- ի անդամ չէ, սակայն այն Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և որպես այդպիսին վետոյի իրավունք ունի նրա որոշումների նկատմամբ: Եվ, երրորդ, ՄՔԴ-ն չի խառնվում այն գործերում, երբ հայրենի երկիրը դատական գործ է հարուցում իր իսկ քաղաքացիների դեմ:
Բոլթոնի երկրորդ առարկությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը իրավասություն է պահաջում այն հանցագործությունների նկատմամբ, որոնք վիճելի և անորոշ սահմանումներ ունեն՝ խորացնելով դատարանի անսահմանափակ իշխանությունը»: Բոլթոնը մտահոգված է, որ ՄՔԴ-ի դատավորները մեղադրանքներ կներկայացնեն Միացյալ Նահանգների դեմ այնպիսի դեպքերի համար, ինչպիսին, օրինակ, 2017 թ. ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն էր՝ հնարավոր քիմիական զենքի կիրառման համար: Ինչպես ցանկացած այլ դատավարության դեպքում, եթե ապացույցները վկայեն, որ Միացյալ Նահանգներն ապօրինաբար է գործել, ապա պետք է լինի համապատասխան վճիռ: Ոչ մի երկիր միջազգային իրավունքից վեր չի կարող լինել: Միացյալ Նահանգներն արդեն պաշտպանված է նման դատական գործերից ՄՔԴ-ի անդամ չլինելու պատճառով: Զավեշտալի է, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ աշխարհի մյուս երկրներին քարոզելով օրենքի և կանոնների պահպանման մասին, այժմ դավաճանում է հենց այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է Ամերիկան…
Բոլթոնի երրորդ մտահոգությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը ձախողում է իր հիմնական նպատակը՝ կանխելու և պատժելու ոճրագործությունները: Իր ստեղծման օրվանից (2002 թ.) դատարանը ծախսել է ավելի քան 1.5 մլրդ դոլար, կայացնելով միայն ութ դատավճիռ»: Հակառակ Բոլթոնի պնդման՝ այս ութ դատավճիռները վկայում են, որ դատարանը խիստ շրջահայաց է իր դատավճիռներում և չի հետապնդում յուրաքանչյուր փոքր գործ ամբողջ աշխարհում՝ թույլատրելով անդամ պետություններին դատել իրենց մեղադրյալ քաղաքացիներին:
Բոլթոնի չորրորդ բողոքն այն է, որ «Միջազգային քրեական դատարանն ավելորդ է, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ներքին դատական համակարգն արդեն իսկ ամերիկյան քաղաքացիներին պահում է ամենաբարձր իրավական և էթիկական չափանիշներով»: Սա հեշտ անտեսելի հարց է: Եթե ՄՔԴ-ն գտնի, որ ԱՄՆ դատարանները գործ ունեն որոշակի հանցագործության հետ՝այն չի միջամտի: ՄՔԴ-ն վերջին ատյանի դատարան է: Սա ՄՔԴ-ի հիմնական սկզբունքներից մեկն է:
Բոլթոնի հինգերորդ քննադատությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանի ղեկավարությունը սուր քննադատության է ենթարկվել և մերժվել աշխարհի մեծ մասի կողմից: Այսօր ավելի քան 70 պետություններ… ՄՔԴ-ի անդամ չեն»: Մինչ 70 երկրներ դեռ ՄՔԴ-ի անդամ չեն, 123-ը անդամ են… Ժամանակի ընթացքում ավելի շատ պետություններ կմիանան ՄՔԴ-ին, ինչպես տեղի է ունենում միջազգային այլ պայմանագրերի դեպքում:
Օրենքի գերակայության դեմ վիճարկելու փոխարեն, Միացյալ Նահանգներն առաջինը պետք է միանա նման միջազգային իրավական կառույցներին: Մերժելով ՄՔԴ-ին և այն համարելով «մեռած», ինչպես Բոլթոնն է այն նկարագրել, Միացյալ Նահանգները պարզապես խրախուսում է աշխարհի դաժան ռեժիմների և բռնապետերի անպատժելիությունը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի