
Առողջապահության փոխնախարարը Շրի Լանկայում մասնակցում է «էվալ Կոլոմբո 2018» համաժողովին

Հասյաստանի Հանրապետության առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է սեպտեմբերի 17-19-ը Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում անցկացվող «էվալ Կոլոմբո 2018» համաժողովին:
«Պատասխանատու խորհրդարան. ներառել գնահատումը 2030 օրակարգի շրջանակում» թեմայով միջազգային համաժողովի հիմնական նպատակն այն է, որ հետայսու մասնակից երկրները սկսեն գնահատել կայուն զարգացման նպատակներին ուղղված ծրագրերի ընթացքը: Այս ծրագրերի մի ստվար մասն էլ ուղղված է առողջապահությանը, ուստի հանդիպումը նպատակաուղղված է գնահատելու երկրի արձանագրած առաջընթացը նաեւ առողջապահության ոլորտում:
Հանդիպման ընթացքում ամրագրվել է պայմանավորվածություն` հետագայում ամփոփելու, թե ինչ հետագա քայլեր են անհրաժեշտ կառավարությունների ու որոշում կայացնողների կողմից կայուն զարգացման նպատակներին ուղղված ծրագրերի հետագա առավել արդյունավետ իրագործման ու ընթացակարգերի բարելավման համար:
Համաժողովը եզրափակվելու է Շրի Լանկայի խորհրդարանում, որը հանդիսանալու է ապացույցների վրա հիմնված որոշումների կայացման նորացված պարտավորությունների հատուկ խորհրդանշական օր:
Համաժողովին մասնակցում են խորհրդարանականներ, կառավարությունների ներկայացուցիչներ և ոլորտային տարբեր պատասխանատուներ ամբողջ աշխարհից, ովքեր հետագայում կկարողանան երաշխավորել գնահատման և մշտադիտարկման մշակույթի պահպանումը: