Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել
Ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ են հրապարակել 4 օր առաջ «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, «հայկական կողմից» սպանված զինվորը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևն է (ծնվ.՝ 1999 թ.): meydan.tv-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հայտնել է զինծառայողի մորեղբայրը և նշել, որ արդեն եղել է թաղման արարողությունը:
Պատասխանելով լրատվամիջոցի հարցմանը՝ Քապազի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինը նշել է, որ իրենք զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Սոցցանցերում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևից բացի, կան ևս մեկ զոհ և մեկ վիրավոր, որոնց մասին դեռևս լրացուցիչ տեղեկություններ չկան: Ինչպես մյուս դեպքերում, այս դեպքի վերաբերյալ նույնպես Ադրբեջանի ՊՆ-ն լռում է: