Արսեն Թորոսյանի 2 «մարդիկ» կոնֆլիկտի մեջ են մտել, որի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին կից պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի տնօրեն դարձած Գևորգ Սիմոնյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից է, մոտ մեկ ամիս պաշտոնավարելուց հետո կոնֆլիկտի մեջ է հայտնվել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Արա Մինասյանին փոխարինած Արման Հովակիմյանի հետ:
Վերջինս նույնպես Արսեն Թորոսյանի «մարդն» է:
Պոլիկլինիկայի երիտասարդ տնօրենը հրաժարվել է կատարել Հովակիմյանի հրահանգները, փորձել է ինքնուրույն իրականացնել գնումների գործընթացը, կադրային քաղաքականությունը և առաջացած հակասությունների արդյունքում հեռացել է: Մենք զանգահարեցինք պարոն Սիմոնյանին: Երբ նա պարզեց, որ իր հետ զրուցողը լրագրող է, ասաց. «Հավատացեք, չեմ ցրում, ավելին՝ հաճույք եմ ստանում Ձեզ հետ զրույցից, սակայն կես ժամից կխոսենք»:
Ուզում եք խորհրդակցել նախարար Թորոսյանի հե՞տ: «Ո´չ, դիմացս մարդ կա, խոսում ենք»: Կես ժամից զանգեց, հորդորեց, հարցերը՝ միայն գրավոր: Ապա օպերատիվ պատասխանեց գրավոր հարցերին, «համապատասխան Ձեր գրավոր հարցման՝ տեղեկացնում եմ, որ աշխատավայրի փոփոխությունն անձնական որոշումս է, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանի հետ չունեմ որևէ տարակարծություն կամ կոնֆլիկտ: Ինչ վերաբերում է այն «տեղեկությանը», թե կնիքը վերցրել եմ հետս՝ այդպես չէ:
Տվյալ պոլիկլինիկայի ղեկավարն առհասարակ կնիք չունի: Վերջին հարցի մասով՝ ասում են, որ ես Արսեն Թորոսյանի «մարդն» եմ: Ասեմ, որ ինձ համարում եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիմակիցը, բայց ոչ նրա «մարդը»: Ավելին ասեմ՝ ես Գրետայի մարդն եմ»: Իսկ հնարավո՞ր է, որ հենց փաստաթղթերը կնքելու շուրջ է եղել ԲԿ տնօրենի ԺՊ-ի հետ Ձեր անհամաձայնությունը: «Ո´չ, չկա նման բան»»,-գրում է թերթը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: