
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խուզարկությունը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում նախօրեին ոստիկանության իրականացրած խուզարկությունը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:
«Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», – նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի մամուլի ասուլիսի ընթացքում կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հրապարակեց Yerevan.Today-ում սեպտեմբերի 17-ին անցկացված խուզարկության արդյունքները և պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։