
«Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ և հակահեղափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «թավշյա» իշխանությունների գործունեությանը, գրել է.
«Հեղափոխություն իրականացնելու համար «Մերժիր Սերժին» կարգախոսը բավական էր, ինչը միավորել էր մարդկանց մեծամասնությանը: Դրանք տարբեր մշակութաբանություն ու շահեր ունեցող մարդիկ էին, որոնք հոգնել էին երկրի համար որևէ հեռանկար չխոստացող կոռումպացված ու անդեմ իշխանությունից: Համակարգը քանդելուն տարբեր պատճառներով աջակցել են նաև այն ժամանակվա իշխանության դժգոհ թևերը:
Դա գուցե ամենակարևոր գործոններից մեկն էր:
Նիկոլը ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել ու դրսևորեց անհրաժեշտ վճռականություն ու համառություն: Հիմա իրավիճակ է փոխվել: Քանդելն ավելի հեշտ է, քան սարքելը: Քանդելու շուրջ մարդիկ կարող են միավորվել, կառուցելու համար պետք է ավելի մոտիվացված թիմ: Կառուցելու համար պետք է ճարտարապետական նախագիծ, մասնագիտական թիմ, ժամանակացույց, ռեսուրսներ: Դրանցից ոչ մեկը հիմա չկա և չի էլ կանխատեսվում: Եթե չկա, չեն էլ կարող լինել համախոհներ և աջակիցներ, այլ կարող են լինել գործող իշխանության հնարավորությունների սպառողներ, ինչին սխալմամբ թիմ են կոչում:
Չկա ոչ մի թիմ, որովհետև չկա նպատակ ու ժամանակացույց: Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ և հակահեղափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին: Հեղափոխությանը նպաստած շատ շերտեր, հատկապես պարոն Տրամաբանության ու տիկին Սթափության հետ «դու»-ով շփվողները, հիասթափված են, քանի որ որևէ տեսանելի ու կանխատեսելի հեռանկար չի գծվել: Իսկ մնացած զանգվածը գարնանը սառնարանների պարունակությամբ է վերաբերմունք արտահայտելու (Քոչարյանն էլ է կարող երբեմն ճիշտ միտք արտահայտել):
Սա է իրականությունը, որքան էլ շատերի համար տհաճ լինի այն լսել: Ավելի լավ է այս տեսակետը հիմա լսել, քան գարնանն այն տեսնել»,-գրել է վերլուծաբանը: