Բաժիններ՝

«Գահերի խաղը» Emmy մրցանակի դափնեկիր է դարձել գլխավոր կատեգորիայում

«Գահերի խաղը» հեռուստասերիալը Emmy հեռուստատեսային մրցանակի դափնեկիր է դարձել գլխավոր՝ «Լավագույն դրամատիկական սերիալ» կատեգորիայում: Այդ մասին հայտարարվել է այդ պարգեւի հանձնման 70-րդ արարողության արդյունքներով, որը շնորհվում է անցած հեռուստասեզոնի լավագույն աշխատանքների համար, որոնք ցուցադրվել են փրայմ-թայմում:

Միջոցառումը սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ ցուցադրվել է NBC հեռուստաալիքով։ Գլխավոր կատեգորիայում նաեւ ներկայացված էին «Թագը», «Ամերիկացիները», «Այդ մենք ենք», «Շատ տարօրինակ գործեր», «Վայրի Արեւմուտքի աշխարհը», «Սպասուհու պատմածը» սերիալները:

«Գահերի խաղն» այս անգամ առաջադրված էր յոթ անվանակարգում, սակայն արդյունքում հաղթանակ տարավ դրանցից միայն երկուսում: Բացի հիմնական կատեգորիայից, արձանիկը բաժին է հասել նաեւ դերասան Փիթեր Դինքլեյջին դրամատիկական սերիալում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար:

«Դրամատիկական սերիալի լավագույն դերասան» կատեգորիայում հաղթանակ է տարել Մեթյու Ռիզը («Ամերիկացիները»): Կանանց կատեգորիայում մրցանակը բաժին է հասել բրիտանուհի Քլեր Ֆոյին, որը գլխավոր դերն է խաղացել «Թագը» ժապավենում:

Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Զարմանալի միսիս Մեյզելը»: Կատակերգական սերիալի լավագույն դերասան է դարձել Բիլլ Հեյդերը («Բարրի»), լավագույն դերասանուհի՝ Ռեյչել Բրոսնահենը («Զարմանալի միսիս Մեյզելը»):

«Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում Emmy-ն բաժին է հասել Դարեն Քրիսին («Հանցագործությունների ամերիկյան պատմություն»), որն առաջ է անցել այնպիսի աստղերից, ինչպիսիք են՝ Անտոնիո Բանդերասը եւ Բենեդիկտ Քամբերբեթչը: Լավագույն մինի սերիալէ ճանաչվել «Հանցագործությունների ամերիկյան պատմությունը»:

1949 թվականի հունվարին հիմնված Emmy-ն շնորհվում է Հեռուստատեսային գիտությունների ու արվեստների ամերիկյան ակադեմիայի կողմից եւ հեռուստատեսության բնագավառում ԱՄՆ-ում համարվում է «Օսկար» մրցանակի նմանօրինակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս