Բաժիններ՝

Թբիլիսիի Հավլաբար թաղամասին հարող Բարաթաշվիլիի վերելքի նորոգման ընթացքում հայատառ տապանաքարեր են հանվել

Թբիլիսիի Հավլաբար թաղամասին հարող՝ Բարաթաշվիլիի վերելքի նորացման աշխատանքների ընթացքում հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Նշված հատվածի վերանորոգմամբ զբաղվող՝ «Black Sea Group» շինարարական ընկերությունը շիրմաքարերը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել, դրանց որոշ մասը փրկվել է շինարարական աղբ դառնալուց և տեղափոխվել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:

Թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը նշել է, որ սրանք Խոջիվանքի տապանաքարերն են, որոնք 30-ական թվականներին Բերիայի հրամանով պանթեոնից հանվել և օգտագործվել են որպես շինանյութ:

«30-ական թվականներին կազմվեց Թբիլիսիի վերանորոգման գենպլանը, այդ ժամանակ այդ պլանին զոհ գնացին նաև մի շարք հայկական եկեղեցիներ: Այդ ժամանակ ճարտարապետները քաղաքի զարգացման մեջ չէին տեսնում նաև Խոջիվանքի գերեզմանատունը, տեղում կառուցվեց Բարեկամության այգին, որ գործեց մինչև 1991 թվականը: Ոչնչացված պանթեոնի տապանաքարերն օգտագործվեցին որպես շինանյութ: Քարերը տեսակավորվում էին ըստ որակի՝ բազալտն առանձին, օգտագործվում էր դրսի հարդարման, մարմարը՝ ներքին հարդարման ընթացքում»,- մանրամասներ է ներկայացրել Լևոն Չիդիլյանը:

Նա նաև նշել է, որ սա առաջին անգամը չէ, որ Թբիլիսիի տարբեր հատվածների վերանորոգման ընթացքում հայկական հետք է գտնվում: Տարիներ առաջ ևս իրենց նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ տապանաքարեր են տեղափոխվել Խոջիվանքի պանթեոն: Դրանց հանվել էին ներկայիս «Բիլթմոր» հյուրանոցի վերանորոգման ընթացքում, ժամանակին օգտագործվել էին շենքի ներքին հարդարման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս