«ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում». Վահե Էնֆիաջյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հերքում է «Իմ քայլը» դաշինքի պնդումները, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Էնֆիաջյանը դատապարտեց ընտրակաշառք բաժանելը։
«Եթե նման տեղեկություն ունեն, օրենքով սահմանված կարգով թող ներկայացնեն իրավապահ մարմիններին, գործ հարուցեն: Որևէ խնդիր չենք տեսնում մենք, վստահաբար ասում ենք՝ ԲՀԿ-ի որևէ ներկայացուցիչ նման քայլի և գործողության չի գնալու»,- ասաց Վ.Էնֆիաջյանը:
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի կարծիքով՝ եթե չլինի նման գործընթաց, ուրեմն օրենքով սահմանված կարգով պատիժ պետք է կրեն այն մարդիկ, ովքեր նման ստահոդ տեղեկություններ են տարածում:
Թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն ուզում, որ իր քաղաքապետի թեկնածուն բանավիճի միայն «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ, Վ.Էնֆիաջյանը նշեց, որ դա արդար սկզբունքներով, համահավասար հնարավորություններով հանդիպում կլինի. «Մենք ընդհանրապես խնդիր չունենք որևէ թեկնածուի հետ հանդիպելու ու բանավիճելու։ Բայց տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ՝ որպես առաջատար, առանձնացնում են հենց Հայկ Մարությանին և Նաիրա Զոհրաբյանին, դրա համար թող իրենց մեջ այդ բանավեճը տեղի ունենա»։