
Deutsche Bank-ը 450 մլրդ եվրո ակտիվներ դուրս կբերի Լոնդոնից Brexit-ի կապակցությամբ. Financial Times

Գերմանիայի Deutsche Bank խոշորագույն բանկը պլանավորում է Լոնդոնից 450 մլրդ եվրո ակտիվներ տեղափոխել Ֆրանկֆուրտ Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից ուժեղացող ճնշման կապակցությամբ: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է Financial Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ԵԿԲ-ն պնդում է, որ Deutsche Bank-ը պետք է 75 տոկոսով նվազեցնի իր կապիտալը Մեծ Բրիտանիայում, որպեսզի Լոնդոնի նրա մասնաճյուղը համապատասխանի այն չափանիշներին, որոնք սահմանված են եվրոպական բանկերի՝ երրորդ երկրներում գտնվող մասնաճյուղերի համար:
Մեծ Բրիտանիան նման երկիր կդառնա 2019 թվականի մարտին Եվրամիությունից դուրս գալուց հետո: Ինչպես ճշտվում է, Լոնդոնում Deutsche Bank-ի ակտիվները կազմում են մոտավորապես 600 մլրդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: