
«Apple-ը շուտով կվաճառի իր 2 միլիարդերորդ սարքը». Թիմ Քուկ

Apple ամերիկյան կորպորացիան մոտ ժամանակներս կվաճառի իր երկումիլիարդերորդ սարքը: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը՝ ելույթ ունենալով IPhone-ի նոր մոդելների շնորհանդեսում:
«Ուր որ է մենք կթողարկենք երկումիլիարդերորդ iOS-սարքը»,- հայտարարել է Քուկը շնորհանդեսի ժամանակ, որը հեռարձակվել է ընկերության կայքում:
Տարեկան մոտավորապես 500 մլն մարդ է այցելում Apple-ի խանութներ: Apple-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ իր հաջողության համար ընկերությունը պարտական է ոչ միայն այն բանին, «iOS-ը ամենառաջավոր շարժական օպերացիոն համակարգն է», այլեւ, որ այն նաեւ առավել անհատականացվածն է:
Apple-ը ներկայում ամենաթանկ ընկերությունն է աշխարհում, բորսայում նրա կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Այդուհանդերձ ընկերությունը ծավալային ցուցանիշով աշխարհում միայն երրորդ տեղն է զբաղեցնում սմարթֆոններ արտադրողների շարքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: