Իրանը հայտարարում է միջուկային ծրագրին հավատարիմ մնալու մասին
Իրանը հավատարիմ կմնա միջուկային գործարքին. այն դեռ համապատասխանում է իր շահերին: Համաձայնության պահպանման պայմանը, դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նավթի վաճառքից ստացված օգուտն է: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Spiegel» շաբաթաթերթի հետ հարցազրույցում:
«Այս համաձայնությունը սիրային խաղ չէ, սա եղել է ողջամիտ փոխզիջում: Իրանը պատրաստ է շարունակել կիրառել այն, քանի դեռ այն համապատասխանում է մեր շահերին… Մեզ համար առաջնահերթն այն է, որ Իրանը կարող է հետագայում նույնպես նավթ վաճառել խելամիտ գնով, ծավալով և շահույթը փոխանցել Իրան»,- ասել է Զարիֆը:
Նախարարը հավելել է, որ Իրանը համագործակցության է ձգտում նաև ներդրումների, գիտության , տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում: Սակայն միջուկային պայմանագրի արդյունավետության ապացույցները մնում են «նավթը և բանկերը»:
«Եվրոպացիները և ստորագրող մյուս կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության փոխհատուցման համար: Մայիսին նրանք մեզ փաթեթ են ներկայացրել: Դրանք լուրջ պարտականություններ էին: Հիմա դրանք պետք է իրականացվեն: Որոշիչ նշանակություն ունի այն, որ Եվրոպան դա չպետք է անի Իրանի համար, այլ իր սեփական ինքնիշխանության և իր երկարաժամկետ տնտեսական շահերի համար»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը: