«Երևի առաջարկենք ոստիկանությանը՝ թաղումների և հարսանիքների տեղաշարժն այսուհետ կազմակերպել կամ երթուղային տաքսիներով, կամ մետրոյով». Նաիրա Զոհրաբյան

«Այս տրամաբանությամբ, երևի առաջարկենք ոստիկանությանը՝ մեր քաղաքացիների թաղումների և հարսանիքների տեղաշարժն այսուհետ կազմակերպել կամ երթուղային տաքսիներով, կամ մետրոյով։ Իհարկե, դժվար է պատկերացնել՝ հանգուցյալին մետրոյի «Բարեկամություն» կայարանից «Շենգավիթ» տեղափոխել, բայց այլ տարբերակ չի մնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ոստիկանության տարածած այն տեսանյութին, որտեղ ԲՀԿ ավագանու անդամին «փռում են ասֆալտին»։

«Մեր կոչն է Դատախազությանը՝ քննել ոստիկանության գործողությունների իրավաչափությունը։ Ես հասկանում եմ, որ բոլոր ժամանակներում ոստիկանությունը գործել է օրվա իշխանության կրունկի տակ, և կապ չունի՝ օրվա իշխանությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե հիմա Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես երեկ հպարտորեն հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անպայման արձագանքելու են վարչապետի բոլոր հանձնարարականներին։ Պարոն Օսիպյան, մի քիչ դանդաղ արձագանքեք, արձագանքելուց առաջ էլ մտածեք՝ ինչ եք անում։ Ցանկացած հանձնարարական պետք է անել սթափ, կշռադատված քայլերով, այլապես ինքներդ խախտում եք բազմաթիվ օրենքներ՝ հեռուստաշոուներ պատրաստելու համար։ Եթե օրենք չեք խախտել, ինչո՞ւ եք ձեր ռեպորտաժը վերջացնելուց հետո ասել՝ Մարկոս ջան, դու ազատ ես, կարող ես գնալ տուն։ Ձեզ ընդամենը պետք է եղել 2-3 րոպեանոց ուժըս ռոլիկ՝ հանրության մեջ ահ ու սարսափ տարածելու համար, որ տեսեք՝ ոստիկանությունն ինչքան արագ է արձագանքում «դեմքով փռեք ասֆալտին» կոչին»,- ընդգծեց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ նման քայլերով ոստիկանությունը փորձում է հեղափոխական դոզան բարձր պահել. «Այդ դոզան անցնելու հատկություն ունի, և պետք է նման հիչքոքյան ռեպորտաժներով այդ էյֆորիան առնվազն մինչև ավագանու ընտրություններ պահել, հետո էլ այլ «մասկի շոուներ» կմտածեք՝ մինչև խորհրդարանական ընտրությունները»։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, Զոհրաբյանն ասաց, որ իրենք են սկսելու իրավական գործընթաց, եթե ոստիկանությունը չգնա բոլոր այդ ահազանգերի հետևից. «Ոստիկանությանը հորդորում ենք՝ զուգահեռ կարող եք ձեր ասֆալտափռման գործընթացը շարունակել, բայց զբաղվեք այդ ահազանգերով, որովհետև մենք մեր իրավաբաններին հանձնարարել ենք զբաղվել այդ լուրերը տարածող անձանցով։ Ի դեպ, խոսքը նաև սոցիալական ցանցերի օգտատերերի, տարբեր քաղաքական ուժերի ավագանու թեկնածուների մասին է, ովքեր իրենց էջերում տեղադրել են այդ ահազանգը»։

Զոհրաբյանը նշեց, որ իր և Արմեն Աշոտյանի 1.5 տարի առաջ արված լուսանկարը «Իմ քայլը» ակտիվիստներից մեկը տարածում է, ու նշում՝ ահա թե ում նկատի ուներ վարչապետ, որ ասում էր՝ զորացրված հանրապետականների հետ սուրճ են խմում. «Եթե կրեատիվության պակաս ունեք, մենք պատրաստ ենք ձեզ օգնել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս