Բաժիններ՝

«Ֆլորենս»-ն ամենահզոր փոթորիկը կլինի վերջին տասնամյակներում. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի արեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը կարող է ամենահզորը դառնալ վերջին տասնամյակներում: Իր տեսակետը նա հայտնել է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների համերկրային գործակալության ղեկավար Բրոք Լոնգի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը:

«Դա շատ ընդգրկուն փոթորիկ կլինի, անհամեմատ ավելի ընդգրկուն նրանցից, ինչ մենք տեսել ենք, հնարավոր է՝ տասնամյակների ընթացքում: Ամեն ինչ կարող է փոխվել, բայց մենք կասկածում ենք, որ այս փուլում ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա ներկաներին հավաստիացրել է, որ նահանգների իշխանությունները, որտեղ կարող է մոլեգնել փոթորիկը, պատրաստ են դիմակայելու տարերքին: «Ֆլորենս» փոթորիկը սեպտեմբերի 10-ին հասել է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի չորրորդ, նախավերջին կատեգորիային: Ըստ վերջին տվյալների՝ փոթորկի ընդգրկույթում քամու առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 58 մետրի, այն շարժվում Է արեւմտյան ուղղությամբ վայրկյանում մոտավորապես 7,5 մետր արագությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆլորենս»-ն ԱՄՆ-ի ափին կհասնի հինգշաբթի, սակայն երեքշաբթի օրը ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը հայտնել է, որ փոթորիկը կդանդաղի եւ Միացյալ Նահանգների ափին կհասնի սեպտեմբերի 14-ից ոչ շուտ:

Չորս նահանգների՝ Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի իշխանությունները, որոնց ուղղությամբ շարժվում է «Ֆլորենս»-ը, արդեն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայում ափամերձ շրջանների բնակիչների տարհանում է հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս