Բաժիններ՝

Իմաստուն առակ սեփական ուղու մասին

Հինգ իմաստուններ մոլորվեցին անտառում:

Առաջինն ասաց.

– Ես դեպի ձախ կգնամ: Այդպես է ինձ հուշում իմ ինտուիցիան:

Երկրորդն ասաց.

Կարդացեք նաև

– Ես դեպի աջ կգնամ, իզուր չէ, որ աջը հաջող բառի իմաստն ունի:

Երրորդն ասաց.

– Ես հետ կգնամ, մենք այնտեղից ենք եկել, ուրեմն ես անպայման դուրս կգամ անտառից:

Չորրորդն ասաց.

– Ես առաջ կգնամ, պետք է առաջ շարժվել, անտառն անպայման կավարտվի, և նոր բան կբացվի առջևդ:

– Դուք բոլորդ էլ սխալ եք: Կա լավագույն եղանակը: Սպասեք ինձ,- ասաց հինգերորդն ու գտնելով ամենաբարձր ծառը` բարձրացավ նրա վրա:

Մինչ նա բարձրանում էր, մնացած չորսը գնացին յուրաքանչյուրն իր նախընտրած ճանապարհով:

Հինգերորդ իմաստունը ծառի վրայից տեսավ, թե ուր է պետք գնալ, որ շուտ դուրս գաս անտառից: Այժմ նա նույնիսկ կարող էր ասել, թե ինչ հերթականությամբ մյուս իմաստուններ կհասնեին անտառի ծայրին: Նա բարձրացավ ամենավերևը ու կարողացավ տեսնել ամենակարճ ճանապարհը:

Նա խնդրից վեր գտնվեց ու այդ խնդիրը բոլորից լավ լուծեց: Նա գիտեր, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, իսկ մնացածները` ոչ: Նրանք համառ էին, իրեն չլսեցին: Ա՛յ հենց ինքն է իսկական իմաստունը:

Բայց դա ամենը չէ, որովհետև…

Նա սխալվում էր:

Բոլորն էին ճիշտ վարվել:

Նա, ով դեպի ձախ էր գնացել, ընկավ ուղիղ անտառի թավուտը: Նա ստիպված եղավ քաղցել ու պայքարել վայրի կենդանիների դեմ: Բայց նա սովորեց գոյապայքար մղել ու կենդանի մնալ անտառում, դարձավ անտառի մի մասը ու կարողացավ դա նաև ուրիշներին սովորեցնել:

Նա, ով դեպի աջ գնաց, հանդիպեց ավազակների: Նրանք նրանից խլեցին ամեն ինչ ու ստիպեցին գողանալ ու կողոպտել իրենց հետ, բայց որոշ ժամանակ անց նա աստիճանաբար ավազակների մեջ արթնացրեց այն, ինչի մասին վերջիններս մոռացել էին, մարդկայնությունն ու կարեկցանքը: Նրանցից ոմանց ապաշխարումն այնքան ուժգին էր, որ նրանք մահից հետո իրենք դարձան իմաստուններ:

Նա, ով հետ էր գնացել, անտառի միջով արահետ էր գցել, որը շուտով դարձավ ճանապարհ բոլոր նրանց համար, ովքեր ուզում էին վայելել անտառը` առանց մոլորվելու վախի:

Նա, ով առաջ էր գնացել, դարձավ առաջին բացահայտողը որոշ վայրերի: Նա եղավ այնպիսի վայրերում, ուր մինչ այդ ոչ ոք չէր եղել, և մարդկանց համար բացահայտեց նոր հիանալի հնարավորություններ, զարմանալի բուժիչ խոտաբույսեր ու հիանալի կենդանիների:

Նա, ով ծառն էր բարձրացել, դարձավ կարճ ճանապարհներ գտնելու մասնագետ: Նրան էին դիմում բոլորը, ով ուզում էր արագ լուծել իր խնդիրները, անգամ, եթե դա զարգացման չէր հանգեցնելու:

Այսպես բոլոր 5 իմաստունները կատարեցին իրենց առաքելությունը:

  • Կարողացիր վեր բարձրանալ ու տեսնել կարճ ճանապարհը:
  • Կարողացիր թույլ տալ ուրիշներին գնալ իրենց սեփական ճանապարհով:
  • Կարողացիր որպես իմաստուններ ընդունել բոլորին. յուրաքանչյուր ճանապարհ կարևոր է ու արժանի հարգանքի:

Ու բացի դրանից…

  • Կարողացիր տեսնել վերջաբանը: Այնտեղ միշտ շարունակություն կա:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս