Նաիրա Զոհրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի միայն ժողովուրդը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայկ Մարությանը ժողովրդի թեկնածուն է:
168.am-ի հարցին, թե ո՞ւմ ի նկատի ուներ Ն.Փաշինյանը՝ ասելով, որ որոշ ուժեր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա կեղծարար ռեսուրսի աջակցությունը, Ն.Զոհրաբյանը հորդորեց այդ հարցն ուղղել «Իմ քայլը» դաշինքին.
«Ես հարգարժան վարչապետի մամուլի խոսնակը չեմ, որ ասեմ` ում ի նկատի ուներ»:
«Ես Հանրապետականի օրակարգով չեմ զբաղվում, ՀՀԿ-ն և իր օրակարգն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե որ քաղաքական ուժը, որ զորացրված հանրապետականի հետ որտեղ ինչ է խմում, կներեք, մեզ դա բացառապես չի հետաքրքրում: Մենք զբաղված ենք բացառապես Երևանի լուծված և չլուծված խնդիրներով»,- ասաց Ն.Զոհրաբյանը: