Բնակչությունը ավելի քիչ գազ է սպառել, գազալցակայանները՝ ավելի շատ
2018 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներկրվել 940 մլն խմ բնական գազ։ 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ գազի ներկրումը ՌԴ-ից նվազել է 148.5 մլն խմ-ով կամ 13.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքից։
Նույն ժամանակահատվածում նվազել է նաև բաշխման համակարգում իրացված գազի ծավալը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի 1057.7 մլն խմի դիմաց այս տարվա հունվար-հունիսին ներքին ցանցի միջոցով իրացվել է 985.1 մլն խմ գազ։
Ինչպես տեսնում եք, ամենից շատ նվազել է բնակչության կողմից սպառված գազի ծավալը։ Եթե 2017 թվականի առաջին կիսամյակում բնակչությունը սպառել էր 382.3 մլն խմ գազ, ապա այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 294.1 մլն խմ։ Չնայած 23%-անոց անկմանը՝ բնակչությունը շարունակում է մնալ գազ սպառող ամենախոշոր խումբը։

Փոխարենը՝ աճել է ավտոմեքենաների գազալցակայանների սպառումն աճել է՝ 219.2 մլն խմ-ից հասնելով 237.8 մլն խմ-ի։
Գազ սպառող երրորդ խոշոր խումբը էներգետիկան է։ 2018-ի առաջին կիսամյակում ՀՀ էներգետիկ ոլորտի ընկերությունները սպառել են 228.3 մլն խմ գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 216.9 մլն խմ-ի դիմաց։



