
«ԱՄՆ-ը և Իսրայելը տեղեկատվական պատերազմ են սանձազերծել Իրանի դեմ». Խամենեի

ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունները տեղեկատվական պատերազմ են սանձազերծել, որպեսզի վարկաբեկեն Իրանի իշխանությանը սեփական ժողովրդի աչքում: Այս կարծիքը սեպտեմբերի 6-ին հայտնել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունները եւ մեզ հարեւան երկրներում նրանց գործակիցները հատուկ ստորաբաժանում են ստեղծել, որպեսզի տեղեկատվական պատերազմ վարեն: Նրանց նպատակը տեղեկատվական տարածությունը քարոզչությամբ լցնելն է եւ Իրանի հանրային կարծիքի վրա ներգործելը»,- Խամենեիի խոսքը մեջբերում է ILNA գործակալությունը:
Իրանի ղեկավարը հավելել է, որ «ԱՄՆ-ը եւ Իսրայելն այդ կերպ ցանկանում են ժողովրդին անվստահություն ներշնչել վաղվա օրվա նկատմամբ, բնակչության աչքում վարկաբեկել պետական ինստիտուտները եւ ուռճացնել տնտեսական խնդիրների վերաբերյալ մարդկանց պատկերացումները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: