
Արգենտինայի նախագահին մեղադրանքներ են առաջադրել ԱՄՀ-ի հետ համաձայնագիր ստորագրելու համար

Արգենտինայում դատախազ Խորխե Ֆելիպե դի Լելիոն հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիին մեղադրանք է առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ լիազորությունների վերազանցման մեջ: Այդ մասին ասված է որոշման մեջ, որը սեպտեմբերի 5-ին հրապարակվել է «Ժողովրդական միասնություն» կուսակցության կայքում, որը հանդես է գալիս որպես հայցորդներից մեկը:
«Ես գտնում եմ, որ հայցորդների կողմից կատարված վերլուծությունը ճշմարտանման է ու տրամաբանական, ուստի կարծում եմ, որ ճիշտ կլինի ընթացք տալ քրեական հետապնդմանը եւ ապացույցների հավաքման միջոցներ ձեռնարկել պատահածը պարզելու համար»,-նշվում է դատախազի որոշման մեջ:
Հայցորդների կարծիքով, ԱՄՀ-ի հետ պայմանավորվածության ձեռքբերումը հակասում է երկրի Սահմանադրությանը, քանի որ դրան հավանություն չէր տվել խորհրդարանը, բացի այդ, դա կարող է վնաս հասցնել երկրի տնտեսությանը: Որպես նախազգուշական միջոց դատախազն առաջարկել է դատարանին՝ կասեցնել համաձայնագրի գործողությունը:
Մայիսի 8-ին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին ԱՄՀ-ից օգնություն էր խնդրել պեսոյի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին: Հունիսին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը համավանություն էր տվել հանրապետությանը երեք տարվա ընթացքում 50 մլրդ դոլար գումարի վարկ տրամադրելու համաձայնագրին, որից 15 մլրդ դոլարը երկրին հասանելի էր դարձել անհապաղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: