Երկու հարց, որ դուրս մնացին Մերկելի՝ Հայաստան կատարած այցից

Վերջերս գերմանական և ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող գերմանական Rheinmetall ընկերությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրել է մտադրությունների հուշագիր։ Ըստ փորձագետների՝ նման գործարքը կարող է խախտել հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները, ինչպես նաև կարող է նպաստել Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցելության ընթացքում պաշտոնական հանդիպումների մասին հաղորդագրություններում ՀՀ-ի համար կարևոր այս թեմայի մասին խոսք չեղավ։

168.am-ը ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք Մերկել-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվե՞լ են այդ գործարքին առնչվող հարցեր և, եթե՝ այո, կողմերն ի՞նչ տեսակետներ ունեն։ Նաև հետաքրքրվեցինք, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնավոր զրույցում Ա. Մերկելն ասե՞լ է «ցեղասպանություն» բառը, որից կանցլերը խուսափեց մամուլի հետ շփման ժամանակ։

«ՀՀ ժամանած Գերմանիայի կանցլերի հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկումների՝ հրապարակման ենթակա մանրամասների մասին հանությունը տեղեկացվել է մամուլի հաղորդագրության միջոցով և երկու երկրների ղեկավարների համատեղ ասուլիսի ընթացքում հնչած հայտարարություններից»,- ի պատասխան մեր հարցման՝ նշել են կառավարությունից։

Կարդացեք նաև

Ի դեպ, հարցումը ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ուղարկել էինք օգոստոսի 25-ին, սակայն ոչինչ չասող այս պատասխանը մենք ստացանք միայն սեպտեմբերի 3-ին։

Մեր տեղեկություններով՝  Մերկել-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկում, այնուամենայնիվ, եղել է, զինտեխնիկայի շուրջ ստորագրված մտադրությունների հուշագրի թեման արծարծվել է, և տիկին կանցլերը նշել է, որ կհետևեն, որպեսզի ռազմական տեխնիկա չլինի, և այդ սարքավորումներն ու մատակարարվող ապրանքատեսակը չգործածվի հակամարտության գոտում։

Ինչ խոսք, զարմանալի էր, որ Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այդ թեման հրապարակային՝ ոչ ասուլիսի ընթացքում, ոչ էլ պաշտոնական հաղորդագրություններում որևէ կերպ չարծարծվեց։ Եվ հասարակության ընկալումներում Անգելա Մերկելի պես քաղաքական լուրջ և ազդեցիկ  գործչի Հայաստան կատարած այցից մնաց զբոսանքը Հյուսիսային պողոտայում և սելֆիները վարչապետի և որոշ քաղաքացիների հետ…  Իսկ թե որքանով կարող ենք հուսալ, որ այդ հուշագրի հետևանքները չեն տարածվի ղարաբաղաադրբեջանական շփման գծի վրա, ցույց կտա ժամանակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930