
Վուդի Ալենի նոր ֆիլմը կարող է վարձույթ չմտնել սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով

Վուդի Ալենի նոր ֆիլմը, որի նկարահանումներն արդեն վաղուց ավարտված են, կարող է երբեք վարձույթում չհայտնվել սեռական ոտնձգությունների կապակցույթամբ կինոռեժիսորի հասցեին հնչած մեղադրանքների պատճառով։
New York Post թերթի տվյալներով՝ Amazon ընկերությունը, որն զբաղվում է Ալենի՝ «Անձրեւոտ օր Նյու Յորքում» անվանումը կրող կինոնկարի վարձույթի հարցերով, հայտարարել է, որ այդպես էլ չի սահմանել ֆիլմի ցուցադրման ամսաթիվը, չնայած այն բանին, որ դրա նկարահանումներն ավարտվել են անցյալ տարվա աշնանը: Սկզբնապես ենթադրվում էր, որ կինոնկարն էկրան կբարձրանա այս տարի, սակայն Amazon-ը, որը ֆիլմի նկատմամբ իրավունքը ձեռք է բերել 25 մլն դոլարով, ստիպված է եղել հրաժարվել այդ պլաններից:
Ինչպես նշում է New York Post-ը, դա կապված է սեռական բռնության առնչությամբ Ալենի մեղադրանքների հետ, որոնք առաջադրվել են նրա որդեգիր դստեր՝ Դիլան Ֆերոուի կողմից: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 1992 թվականին, երբ ինքը 7 տարեկան էր: Ռեժիսորն ինքը կտրականապես մերժում է նման պնդումները: 82-ամյա Ալենը երեք ֆիլմ արտադրության պարտավորագիր է ստորագրել Amazon-ի հետ, սակայն այժմ այդ պլանները, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չեն իրագործվի, գրում է հրատարակությունը:
Դերասանները, որոնք խաղացել են «Անձրեւոտ օր Նյու Յորքում» կինոնկարում, այդ թվում՝ Թիմոթի Շալամեն եւ Ռեբեկա Հոլը, ավելի վաղ ափսոսանք են հայտնել, որ համաձայնել են աշխատել ռեժիսորի հետ: Նրանք նաեւ իրենց հոնորարները նվիրաբերել են այն հիմնադրամին, որն օգնում է սեռական բռնության զոհերին: 1993 թվականին Ալենի նկատմամբ արդեն հետաքննություն անցկացվել էր նրա կողմից որդեգրված դստեր նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգությունների վերաբերյալ պնդումների կապակցությամբ: Սակայն ոչ մի քրեական գործ չէր հարուցվել: Ալենն իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգեւների, ներառյալ չորս «Օսկար» մրցանակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: