«Բոլորիդ մաղթում եմ, որ վարչապետներ դառնաք». Արմեն Դուլյան
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ հյուրընկալվել էր լրագրող, հեռուստավերլուծաբան Արմեն Դուլյանը:
Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ֆակուլտետի նախկին տարիներին շրջանավարտները և ուսանողները:
Առաջինկուրսեցիների ուսումնական տարին նախ շնորհավորեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: «Դուք ընդունվել եք մի ֆակուլտետ, որտեղ ձեզ զգալու ենք այնպես, ինչպես ձեր տանը: Ֆակուլտետի դասախոսական կազմն անելու է ամեն ինչ, որ այս մասնագիտությունը մի նոր որակով ներկայացնեք հանրությանը»,- նշեց դեկանը և առաջինկուրսեցիներին ներկայացրեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը:
Լրագրող, հեռուստավերլուծաբան Արմեն Դուլյանը նույնպես շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց առաջինկուրսեցիներին: «Ես շատ ուրախ եմ, որ դուք ընտրել եք այս մասնագիտությունը, որը, ինչպես պարզվում է, շատ հեռանկարային է. կարող եք վարչապետ դառնալ: Բոլորիդ մաղթում եմ, որ վարչապետներ դառնաք»,- նշեց Արմեն Դուլյանը:
Խոսելով լրագրողի մասնագիտության կարևորության մասին՝ հեռուստավերլուծաբանը նշեց, որ լրագրության մեջ ամենակարևորն անաչառությունն է, որը շատ դժվար է պահպանել: «Ես առաջին հերթին մաղթում են, որ լրագրության մեջ բոլորդ լինեք անաչառ»,- ասաց նա և հավելեց, որ լրագրողի հիմնական նպատակը փաստ ներկայացնելն է:
«Լրագրողը պետք է փաստերը և իրականությունը ներկայացնի այնպես, ինչպես իրականում այն կա, լուրը ներկայացնելուց չպետք է ներկայացնի իր կարծիքը, պետք է զերծ մնա ավելորդ մեկնաբանություններից, իսկ հրապարակախոսական հոդվածում կարող է արտահայտել նաև իր կարծիքը և մեկնաբանությունները»,- ասաց Ա. Դուլյանը:
Հանդիպման վեջում լրագրող, հեռուստավերլուծաբան Արմեն Դուլյանը պատասխանեց ուսանողների հարցերին: