Նախագահ Արմեն Սարգսյանը գերակա է համարում հանրությունում ուսուցչի դերը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեծապես կարևորում է հանրությունում ուսուցիչների նկատմամբ հարգանքը: Նախագահը նման կարծիք հայտնեց Dasaran կրթական կենտրոն այցի ընթացքում հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժների հետ հանդիպմանը:
«Իմ երազած Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ բազմաթիվ դրական երևույթների կողքին կլինի նաև այն, որ ուսուցչին հանրությունը հարգանքով վերաբերվի: Եվ առաջին դասարանի ուսուցիչը հիշվի որպես մեկը, ում դու սիրել և հարգել ես: Եվ երբ պետությունը շատ ավելի լավ վիճակում լինի, այդ հարգանքը պետք է նաև նյութական ձևով արտահայտվի: Չես կարող մասնագիտությունը գովաբանել, առաջ տանել, եթե դրա նվիրյալները համապատասխան կերպով չեն վարձատրվում: Հանրության ներսում ուսուցիչը շատ գերակա դեր ունի»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նախագահը կարևորեց նաև այն, որ կրթություն ստանալու իրավունք պետք է ունենան Հայաստանի բոլոր հեռավոր գյուղերում:
Այցի ընթացքում Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց նաև «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին, որը միտված է աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծի մասին իրազեկվածության բարձրացմանը: Նախագահը շեշտեց առաջին բուժօգնության կանոնների իմացության կարևորությունը: Նա նաև պատասխանեց երեխաներին հուզող հարցերին:
Այնուհետև կրթական ծրագրի հիմնադիր և նախագահ Սուրեն Ալոյանը Արմեն Սարգսյանին ներկայացրեց Dasaran-ի կողմից մշակված կրթական հարթակը: