Ճապոնիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել «Ջեբի» թայֆունի մոտենալու պատճառով
Ճապոնիայում գրեթե 270 չվերթ է չեղարկվել «Ջեբի» հզոր թայֆունի մոտենալու պատճառով, որը կղզիներին կհասնի սեպտեմբերի 4-ին: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ցիկլոնը, որն ընթացիկ սեզոնում ստացել է 21-րդ կարգային համարը, գտնվում է Կագոսիմայի պրեֆեկտուրայից 320 կմ հարավ ընկած շրջանում եւ դեպի հյուսիս է շարժվում ժամում 20 կմ արագությամբ: Կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 45 մետրի, պոռթկումների ժամանակ՝ վայրկյանում 60 մետրի:
Մասնագետները նշում են, որ ցիկլոնը, որը կարող է ուժեղագույնը դառնալ Ճապոնիայում վերջին քառորդ դարում, իր հետ բերում է փոթորկալի քամիներ, եւ հորդորում են բնակիչներին ուշադիր հետեւել եղանակի կանխատեսումներին:
Օդերեւութաբանները նաեւ նախազգուշացնում են ծովում 12 մետրանոց ալիքների հայտնվելու վտանգի մասին: Ներկայում չեղարկված է 268 ավիչվերթ: Խափանումներ են դիտվում երկաթուղային հաղորդակցության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: