Արմեն Սարգսյանը պատմեց դեսպան եղած տարիների իրադարձություններից մեկը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղել: Նախագահին հարցեր ուղղած, լրագրությամբ հետաքրքրվող բազմաթիվ սաների թվում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստը՝ Շուշան Փաշինյանը: Վերջինս հետաքրքրվեց՝ Մեծ Բրիտանիայում որպես դեսպան Արմեն Սարգսյանը ի՞նչ հաջողություններ է ունեցել իր գործունեության մեջ:

«Կարծում եմ՝ սխալ կլինի, եթե ես գնահատական տամ իմ աշխատանքին: Սակայն երկար տարիների իմ աշխատանքից առանձին դրվագներ կարող եմ հիշել»,-նշեց նախագահն ու հիշեց՝ պատմական իրադարձություններից մեկը:

2015-ին Եղեռնի 100-ամյակի օրը հաջողվել է մեծ արարողություն անցկացնել անգլիական թիվ մեկ եկեղեցում՝ խորհրդարանի առջև գտնվող հսկա տաճարում: Այնտեղ են թաղված մեծանուն բրիտանացիներ: «Այն փաստորեն բրիտանական քաղաքականության սիրտն էր: Եվ 2015-ին մենք պատարագ ունեցանք՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Եղեռնի ճանաչման տարբեր ձևեր կան, երբ ԱԺ-ն քվեարկում և ճանաչում է, կամ երբ տվյալ երկրի նախագահն իր ճառում օգտագործում է այդ բառը: Բայց կա նաև այլ ձև, որը մենք արեցինք Մեծ Բրիտանիայում՝ մեծ պատարագ, որին ներկա էին պետական ծառայության մեծ թվով մարդիկ՝ մոտ 3000: Ներկա էր արքայազն Չարլզը, դիվանագիտական կորպուսը: Եվ ես լինելով դեսպան՝ հրավիրեցի նույնիսկ Թուրքիայի դեսպանին: Մինչ վերջին օրն ինձ խոսք տվեց, որ կգա, բայց չեկավ: Այդ երևույթը Հայոց Եղեռնի ճանաչման մեծ գործողություն էր»,-ասաց նա ու հավելեց՝ բարձրաստիճան բրիտանացիները ներկա էին մի պատարագի, որտեղ հիշվեց հայկական Եղեռնը:

Դեսպան լինելու տարիներին այդ օրը հիշարժան է եղել ՀՀ նախագահի համար, իսկ թե ինչպիսի հաջողությունների է հասել, դժվարացավ ասել ու թողեց մարդկանց հայեցողությանը:

Տեսանյութեր

Լրահոս