Թուրքիայում օգոստոսին գնաճը հասել է 2003 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին
Թուրքիայում գնաճը 2018 թվականի օգոստոսին կտրուկ արագացել է լիրայի թուլության ֆոնին. պաշտոնական տվյալների համաձայն, անցած ամսին երկրում սպառողական գները 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ բարձրացել են 17,9 տոկոսով, ինչն առավելագույն ցուցանիշն է դարձել 2003 թվականի սեպտեմբերի ի վեր։
Վերլուծաբանները միջին հաշվով գների աճ էին սպասում մինչեւ 17,6 տոկոս՝ հուլիսի 15,85 տոկոսից: Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերի 3-ին հայտարարել է, որ պատրաստ է դրամավարկային քաղաքականության սրբագրումներ անել առաջիկա նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, որպեսզի զսպի գնաճի հետ կապված ռիսկերը: Վերջին ամիսներին գնաճի դինամիկան «էական ռիսկեր է ցուցադրում գնային կայունության համար», ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Թուրքական լիրան, ԿԲ-ի հայտարարությունների շնորհիվ, ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ անկումը դանդաղեցրել է ավելի քան 2 տոկոսով՝ մինչեւ 0,3 տոկոս: Անցած ամսվա նկատմամբ Թուրքիայում սպառողական գներն օգոստոսին ավելացել են 2,3 տոկոսով՝ հուլիսին 0,55 տոկոսով բարձրանալուց հետո:
Թուրքիայում էներգակիրները տարեկան արտահայտությամբ թանկացել են 21,34 տոկոսով, երկրում սննդամթերքի գները օգոստոսին աճել են 19,75 տոկոսով: Սակայն սակագների առավել նկատելի աճ են արձանագրել տրանսպորտային ծառայությունները՝ 27,1 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: