«Ռոնալդուն եսակենտրոն է, ես երբեք չէի ցանկանա տեսնել նրան իմ թիմում». Զլատկո Դալիչ
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը քննադատել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին այն բանից հետո, երբ պորտուգալացին հրաժարվեց ներկա գտնվել ՈՒԵՖԱ-ի վարկածով նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողի պարգևատրման արարողությանը: Կազմակերպությունը ճանաչեց Ռոնալդուի նախկին թիմակից խորվաթ Լուկա Մոդրիչին լավագույն ֆուտբոլիստ:
«Նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել Ռոնալդուի՝ արարողությանը չայցելելը: Այս ամենն ապացուցում է իմ խոսքերի ճշմարտացիությունը. Ռոնալդուն եսակենտրոն է, ում ես երբեք չէի ուզենա տեսնել իմ թիմում: Նա խաղացող է, ով մտածում է. «Կարևոր չէ՝ մենք կհաղթե՞նք, թե՞ կպարտվենք, գլխավորը այն է, որ ես գոլ խփեմ»,- Դալիչի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:
«Ռեալի» կազմում Մոդրիչը և Ռոնալդուն հաղթեցին Չեմպիոնների լիգան: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կրիշը «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենթուս»: Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձավ նաև աշխարհի փոխչեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը