«Յուրաքանչյուր խաղացող, ով ուզում է հեռանալ «Տոտենհեմից», կարող է հեռանալ». Մաուրիսիո Պոչետինո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի պատրաստվում ոչ մեկին ուժով պահել թիմում:
«Տոտենհեմի» աստղերի նկատմամբ եվրոպական տոփ-ակումբների հետաքրքրության մասին խոսակցություններն անընդհատ պտտվում են, սակայն և՛ Հարի Քեյնը, և՛ Դելե Ալին, և՛ «Տոտենհեմի» մյուս առաջատարները շարունակում են պաշտպանել լոնդոնյան ակումբի գույները:
Ըստ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի խոսքերի, եթե ինչ-որ խաղացող ցանկանա հեռանալ, ապա ինքը բաց կթողնի նրան:
«Ես այն մարդը չեմ, ով կհամոզի ֆուտբոլիստին մնալ: Եթե նրանք ուզում են հեռանալ, ապա կարող են հեռանալ: Խաղացողները, ովքեր չեն ուզում հանդես գալ «Տոտենհեմի» կազմում, կարող են գնալ իրենց ճանապարհով: Ես չեմ պատրաստվում պահել նրանց, ովքեր չեն ուզում լինել մեզ հետ: Եթե մենք կորցնենք 2-3 խաղացողների, դա պրոբլեմ չէ. մենք բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք ակումբային ակադեմիայում»,- Պոչետինոյին է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ ամռանը «Տոտենհեմը» ձեռք չբերեց ոչ մի նոր ֆուտբոլիստի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը