«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն» ուսումնական տարվա առաջին օրը հյուրընկալեց նախագահ Արմեն Սարգսյանին
Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» ուսումնական տարվա առաջին օրվա առաջին հյուրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր:
Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցում: Արմեն Սարգսյանը ծանոթացավ կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքներին: Նախագահն անձամբ շփվեց սաների հետ, հետաքրքրվեց նրանց ձեռք բերած գիտելիքներով: Հետաքրքրվեց, թե ամռանն ինչով են զբաղված եղել: Նա մասնակցեց կրթահամալիրի պատանեկան ամսագրի անձնակազմի քննարկմանը՝ շրջան նստելով նրանց հետ, տվեց իր խորհուրդները: «Մաթեմատիկան անպայման սովորեք որպես կրթական առարկա»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նախագահը ծանոթացավ կրթահամալիրի ընդհանուր տարածքին: Նա հետաքրքրվեց՝ մոտակա բնակիչների երեխաների քանի տոկոսն է հաճախում Մխիթար Սեբաստացի: Աշոտ Բլեյանը նշեց՝ 25-30 տոկոսը: