Կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակումը. «Սասնա ծռեր»
Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաև ըստ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է:
Այդ փաստը հաստատել է նաև Հանրապետության վարչապետը: Հատկապես այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, քաղբանտարկյալ Շ. Հարությունյանին անհապաղ ազատ արձակելու և նրան արդարացնելու հարցը չի կարող պայմանավորվել միայն համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերի սահմանափակությամբ և փորձել այդ հարցը լուծել ընդամենը նախկին բռնապետական ռեժիմի օրենքների կարգավորումներով:
Անկախ ամեն ինչից, պետք է չմոռանալ, որ նա բանտարկվել է հենց այդ օրենքներով և այդ ռեժիմի դատարանով: Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խուսափում արդարության վերականգնումից:
Հատկապես հեղափոխական շրջանում, ի թիվս այլ բազմաթիվ հանգամանքների, դատապարտված անձը ազատություն կարող է ստանալ նաև արտակարգ հանգամանքներում: Որևէ անձ չի կարող ժխտել, որ թավշյա հեղափոխությունն իր պատմական նշանակությամբ արտակարգ հանգամանք էր Հայաստանի պետականության համար:
Հետևաբար իրավապահ համակարգը, մասնավորապես՝ ՀՀ Գլխավոր Դատախազությունը և Արդարադատության նախարարությունը, լիովին ազատ են արտակարգ հանգամանքի բերմամբ առաջնորդվելու միջազգային իրավունքի գերակայությամբ և դրան համահունչ մասով ու մեկնաբանությամբ կիրառելու ՀՀ օրենսդրության գործիքարանը և արդարացի լուծումներ տալու քաղբանտարկյալների ազատության հարցերին:
Վերը նշվածի հաշվառմամբ՝ պատասխանատու բոլոր կառույցներին կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակումն ու նրա նկատմամբ կայացված ակնհայտ ապօրինի դատական ակտի վերանայումը:
Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարություն