«Նույնիսկ փողն այնքան չի փչացնում քաղաքական գործչին, ինչքան իշխանությունը». Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի կարծիքով՝ Հայաստանում միանշանակ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։
«Առանց դրանց հնարավոր չեն արտահերթ ընտրություններ, իսկ ընտրությունները հեղափոխության առանցքային հարցն են: Մինչև չլինեն արտահերթ ընտրություններ, չենք ունենա երկրում իրավիճակ, երբ դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունները կարտացոլեն իրողությունը կյանքում: Արդյո՞ք ներկայիս խորհրդարանն արտացոլում է հասարակական տրամադրությունները. ո՛չ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Պապյանի խոսքով՝ հանրաքվեով պետք է դրվի ոչ թե Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու, այլ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. «Դրանից հետո որևէ մեկը չի ունենա հնարավորություն ասելու, որ հրապարակը չի ներկայացնում ամբողջ ժողովրդին: Պետք է աշնանն անցկացնել արտահերթ ընտրություններ՝ պահպանելով Սահմանադրության ոգին, բայց ոչ տառը»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած անցումային արդարադատությանը, նա նշեց, որ դա լայն հասկացություն է, տարբեր երկրներում կիրառվել է. «Ինչքան մեկնաբանվեց, կարելի է հասկանալ, որ սա ոչ թե փոխարինող, այլ լրացուցիչ համակարգ պետք է լինի: Եթե պետք է գործի միջազգայնորեն ճանաչված իրավունքների հիման վրա, միանգամայն ընդունելի է: Ակնհայտ է, որ մեր այս դատական համակարգը մի շարք առումներով ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն, սկսած այն հանգամանքից, որ ծավալները կտրուկ մեծացել են, վերջացրած նրանով, որ դատավորներից շատերն ուղղակի կամ անուղղակի կախվածության մեջ են գտնվում այն մարդկանցից, որոնց պետք է դատեն: Փոքր երկիր ենք, այստեղ որևէ մեկի կպչում ես՝ կամ բարեկամ է, կամ ընկեր է, դա դժվար է։ Հետո այդ արդարադատությունը պարտադիր չէ զբաղվի հենց դատավարական գործընթացով, կարող է օժանդակ դեր ունենալ: Այստեղ ամենակարևոր գործոնն այն պետք է լինի, որ, եթե նման համակարգ է սկսում գործել, ժողովուրդը պետք է ամբողջությամբ դրան վստահի և կասկած չունենա, որ դա հաշվեհարդար է: Եթե արդարադատությունը նույնացվեց հաշվեհարդարի հետ, դա արդարադատություն չէ՝ ինչքան էլ պատժվողն արժանի լինի այդ պատժին։ Պետք է համոզիչ փաստերով ոչ միայն դատարանին, այլև հանրությանը ապացուցես, որ այդ մարդը մեղավոր է»։
Արա Պապյանն ընդգծեց՝ նույնիսկ փողն այնքան չի փչացնում քաղաքական գործչին, ինչքան իշխանությունը. «Մենք փակ հասարակություն ենք այն առումով, որ սովոր չենք փաստերը բացահայտել։ Բայց իրավապահ համակարգում մարդիկ աշխատավարձ են ստանում, թող իրենց գործն անեն, բայց դա պետք է լինի օրենքի գերակայությամբ»։