«Մի փոքր անհասկանալի է՝ Արցախը քայլեր է անում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ». Արա Պապյան
«Ցորենի հարցի վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան, ներառյալ այն, որ հայաստանյան որոշ օլիգարխներն են դրա մեջ միջամուխ եղել, որովհետև, եթե պետք է բերես երկաթգծով, դա կարող են անել միայն խոշորները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը կարող է նաև Վրաստանի մեղմ պատասխանը լինել Արցախի մասնակցությանը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ միացյալ ձեռնարկին, որ վերջերս տեղի ունեցավ. «Այստեղ մի փոքր անհասկանալի է՝ Արցախը քայլեր է անում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս ամբողջը պետք է հաշվի առնել, ինչպես մենք ենք հաշվի առնում ՀՀ մարզերից մեկի՝ Արցախի շահերը»։
Դիվանագետի խոսքով՝ ցորենի տեղափոխման արգելքը կարող է և չհանգեցնել թանկացման, որովհետև Վրաստանի հետ գուցե համաձայնություն լինի և զեղչային համակարգ կիրառվի, բայց, ըստ նրա՝ ավելի կարևոր խնդիր կա.
«Այստեղ ամենակարևորը պարենային անվտանգության հարցն է։ Շատ երկրներ չունեն ցորենի մեծ քանակի անհրաժեշտություն, բայց իրենք խրախուսում են գյուղացուն՝ բերքը պահելու համար, որ ապահով լինեն։ Մենք ևս պետք է այդպես անենք, գուցե ցորենը մեր ավելի թանկ լինի, բայց ամեն պարագային գոնե նվազագույն մի քանի ամսվա մեր ցորենը պետք է ունենանք, էլ չեմ խոսում պաշարների մասին: Հատկապես պատերազմի մեջ գտնվող և դրա սաստկացման վտանգի առաջ երկիրը ցորենի պաշարները պետք է ունենա»։