«Ուրախ եմ, որ ավելի շատ խոսքը գնում է ընտրական պրոցեսով ինչ-որ մի բանի հասնելու մասին, քան թե այլ գործողություններով». Թևան Պողոսյան
«Ուրախ եմ, որ ավելի շատ խոսքը գնում է ընտրական պրոցեսով ինչ-որ մի բանի հասնելու մասին, քան թե այլ գործողություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Ես հիշում եմ, որ երբ Արա Աբրահամյանի՝ ընտրություններին մասնակցության մասին էին խոսում, ասում էի, որ ցանկանում եմ՝ Հայաստանը դառնա այն երկիրը, որ ամեն հայ հասկանա, որ դա իր երազանքների երկիրն է։ Եվ եթե այդ մարդու երազանքների երկիրն այն է, որ ինքը ձևավորի քաղաքական կուսակցություն, բոլոր օրենքներին համապատասխան կարողանա իր հայտը ներկայացնել, ստանալ քվե և գալ իշխանության, Աստված տա՝ այդ երազած Հայաստանը տեսնենք։ Հանրությունն ինքը կգնահատի: Ես մարդկանց քաղաքական ցանկությունները կարող եմ ընդունել ի գիտություն միայն. կանի գործողություններ, կտեսնենք, ես չեմ ուզում սուրճի բաժակ նայող լինել: Եթե մենք խոսում ենք, որ Հայաստանը պետք է մեր երազանքների երկիրը դարձնենք, ուրեմն այդ երկիրը պետք է դառնանք և թողնենք, որ հանրությունը որոշի»,- ասաց Պողոսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է ռեալ, որ Ռ. Քոչարյանի շուրջ կոսնոլիդացիա կարող է լինել։ «Ովքեր Քոչարյանի հետ աշխատել են, նրանց է պետք հարցնել՝ ռեա՞լ է այդ կոնսոլիդացիան նրա շուրջ, թե՞ ոչ»,- ի պատասխան՝ ասաց նա։
«Էնքան մարդիկ են ասել, որ գալու են Հայաստանում այսինչ բանն անեն, բայց չենք տեսել: Ես կցանկանամ, որ իմ երկրում ինչքան էլ հները փորձեն վերադառնալ, նորերն ավելի ակտիվ գործեն»,- եզրափակեց նա։