Պորոշենկոն գլխավորում է Ուկրաինայի ամենազդեցիկ մարդկանց վարկանիշը
Օգոստոսի 30-ին Ուկրաինայում հրապարակվել է 100 ամենազդեցիկ մարդկանց ցուցակը: Նրանց մեծամասնությունը կազմել են այն պաշտոնյաներն ու միլիարդատերերը, որոնք երկար տարիներ չեն իջնում ուկրաինական քաղաքականության նախաբեմից:
Վարկանիշը հրապարակվել է «Նովոյե վրեմյա» հրատարակության կողմից, որն այն տասներկուերորդ անգամ կազմել է 83 փորձագետների մասնակցությամբ։ Երկրի առավել ազդեցիկ դեմք է ճանաչվել նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Երկրորդ տեղում է օրիգարխ Ռինատ Ախմետովը, որն արդեն երկար տարիներ զբաղեցնում է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակի վերին հորիզոնականները: Իր ազդեցությամբ երրորդ դիրքում է հայտնվել ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:
Առաջին հնգյակում տեղ են գտել նաեւ էլեկտորալ համակրանքների առաջնորդ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, ինչպես նաեւ Ուկրաինայի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի՝ «Պրիվատ»-ի համասեփականատեր Իգոր Կոլոմոյսկին:
Փորձագետներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Ուկրաինայի ամենազդեցիկ դեմքերի թոփ-100-ում հայտնվել է ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, որը տեղ է զբաղեցրել 18-րդ հորիզոնականում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: