
Վիսբադենում ապամոնտաժեցին Էրդողանի չորսմետրանոց ոսկեզօծ արձանը

Գերմանական Վիսբադենի (Հեսսենի դաշնային երկրամաս) իշխանությունները կարգադրել են ապամոնտաժել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 4-մետրանոց ոսկեզօծ արձանը, որը կանգնեցվել էր ժամանակակից արվեստի Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում: Այդ մասին քաղաքի վարչակազմը հայտնել է Twitter-ում:
Արձանի ապամոնտաժումը հայտարարության մեջ բացատրվում է դրա «անվտանգությունն ապահովելու» անկարողությամբ: Անցած գիշեր հրշեջ ծառայությունը քաղաքի կենտրոնում գտնվող Գերմանական միասնության հրապարակից հանել է քանդակը, դրա համար հարկ է եղել գործի դնել ամբարձիչ: Ոստիկանության տվյալներով՝ ապամոնտաժման ընթացքում ոչ մի միջադեպ չի գրանցվել:
Արձանը, որը կանգնեցվել է օգոստոսի 27-ի երեկոյան, ազատ արվեստի սահմանների շուրջ կատաղի վիճաբանությունների ու քննարկումների տեղիք էր տվել:
Ավելի վաղ դրա վրա հայտնվել էին գրություններ, այդ թվում՝ վիրավորական բնույթի:
Այնուամենայնիվ, Էրդողանի բազմաթիվ կողմնակիցներ հաճույքով լուսանկարվում էին դրա ֆոնին՝ ձեռքներին թուրքական դրոշներ բռնած: Օգոստոսի 28-ի երեկոյան բանը հասել էր խոսքակռվի եւ նույնիսկ ծեծկռտուքների Թուրքիայի նախագահ կողմնակիցների ու հակառակորդների միջեւ: Ոստիկանությունում հայտնել են «ինչ-ինչ ագրեսիվ տրամադրությունների» հայտնվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: