Հայաստանյան շատ դպրոցներ նոր աշակերտ չեն ունենա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոքր հարցում է անցկացրել եւ պարզել, որ, օրինակ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Վարդաբլուր, Վայոց ձորի մարզի Սարավան, Սերս համայնքներում ընդամենը մեկ առաջին դասարանցի է լինելու, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ երկուսը:
Բայց նման տխուր պատկեր ոչ միայն այս համայնքներում է, այլեւ հայաստանյան մի շարք ուրիշ գյուղերում: ՀՀ ԿԳ նախարարությունը դեռ չի հրապարակել այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, սակայն դժվար չէ կռահել՝ այն նվազել է: Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2016թ. առաջին դասարան ընդունվածների թիվը 39 հազար 514 էր:
Ստեղծված իրավիճակի պատճառների մասին շատ է խոսվել. սա հետեւանք է վերջին տարիներին Հայաստանից տեղի ունեցած արտագաղթի, ծնելիության նվազման: ԵՒ այս առումով նոր կառավարությունը լուրջ անելիքներ ունի: Այլապես նման տեմպերով շարունակվելու դեպքում հայաստանյան մի շարք դպրոցներում ինչ-որ մի օր այլեւս աշակերտ չի լինի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այօսրվա համարում: