Կիպրոսում հազարավոր ուսուցիչներ են ցույցի ելել կրթության բարեփոխման դեմ
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ավելի քան 10 հազար մարդ է օգոստոսի 28-ին մասնակցել կրթության բարեփոխման դեմ բողոքի ցույցին: Այդ մասին հայտնել է «Ֆիլելեֆտերոս» թերթը: Դա վերջին տարիներին բողոքի ամենաբազմամարդ ակցիաներից մեկն էր:
«Նախագահական պալատի մերձակայքում հավաքված ցուցարարները՝ ուսուցիչներ, ծնողներ ու աշակերտներ, հնչեցնում էին «Ոչ՝ պետական կրթության ոչնչացմանը», «Ձեռքներդ հեռու կրթությունից եւ դպրոցից» կարգախոսները: Ուսուցիչներին աջակցելու էին եկել այլ արհմիությունների ներկայացուցիչներ: Ելույթ ունեցողները խստիվ քննադատում էին կառավարությանն ու կրթության նախարարությանը:
Կիպրոսի կառավարությունը մտադիր է անցկացնել «կրթության օպտիմալացում», որի հիմնական նպատակը կրթության ծախսերի նվազեցումն է մոտավորապես 30 մլն եվրոյով եւ ուսուցիչների թվաքանակի նվազեցումը:
Կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ այդ միջոցառումները նախապատրաստվել Էին Համաշխարհային բանկի զեկույցներից ու առաջարկություններից հետո, ինչպես նաեւ կրթության ոլորտում մարդկային ռեսուրսների օպտիմալ օգտագործման վերաբերյալ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համապատասխան տվյալների ուսումնասիրումից հետո:
Մեկնաբանների կարծիքով՝ տարբեր երկրներում ՏՀԶԿ-ի կողմից առաջ տարվող միջոցառումները խորապես հետադիմական են եւ ըստ Էության միտված են պետական ֆինանսավորման նվազեցմանը, ուսուցիչների համար ուսումնական ժամանակի ավելացմանը եւ անձնակազմի կրճատմանը:
Կիպրոսցի ուսուցիչները հայտարարում են, որ բարեփոխումը քանդում է կրթության պետական համակարգը, նրանք պահանջում են պահպանել անվճար կրթությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: