Բաժիններ՝

Կարմիր բերետավորները փողոցային առևտրականներին բռնի ուժով հեռացրել են կառավարության շենքի տարածքից

Երեկ և այսօր ժամը 19:00-ի սահմանում փողոցային մի խումբ առևտրականներ, որոնց ոստիկանությունը տեղահանել էր իրենց գործունեության վայրերից, ՀՀ կառավարության շենքի հետնամուտքի՝ դարպասներ մոտ հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ոստիկանության աշխատակիցները՝ կարմիր բերետավորները տեղանքից հեռացնում էին բողոքի դուրս եկած զանգվածին, որոնք գոռգոռում էին և «Ամո՛թ», «Նիկոլ, ամո՛թ» կոչերով լքում տարածքը:

168.am-ն այս կապակցութամբ պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից հաստատելով բողոքի ակցիայի մասին մեր տեղեկությունը, հայտնեցին, որ բնակիչների կողմից բողոքներ են եղել Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակի շրջակա տարածքում գործունեություն ծավալող առևտրականներից.

«Փողոցային առևտուրը հստակ կանոնակարգված է և ոստիկանության ծառայողները քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ կատարել են օրենքով վերապահված իրենց գործառույթը»:

Ոստիկանության աշխատակիցների՝ կարմիր բերետավորների գործողությունների կապակցությամբ լրատվական ծառայությունից ասացին, որ ցանկացած միջոցառման ժամանակ ոստիկանության ծառայողները ներկա են և ապահովում են հասարակական կարգը և կան հատուկ նշանակության տարածքներ, որտեղ ոստիկանությունը կոնկրետ գործողություններ է իրականացնում:

Մեր հարցին, թե արդյո՞ք օրինաչափ է ոստիկանության աշխատակիցների կողմից բողոքող քաղաքացիներին բռնի ուժով կառավարության շենքի տարածքից հեռացնելը, Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին.

«Եթե որևէ քաղաքացի գտնում է, որ ինքը տուժել է ոստիկանների գործողություններից և ոստիկանների գործողությունները օրինական չեն եղել, ապա կարող է դիմել համապատասխան բաժին՝ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, ներկայացնել փաստեր: Վստահեցնում ենք, որ եթե ոստիկանների կողմից խախտում կատարված լինի, համապատասխան գնահատական կտրվի»:

Տեսանյութը՝ armtimes.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս